Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամերիկյան Forbes ամսագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Գերմանիայում տեղակայված ամերիկյան զորքերն ավելի քան քառորդով կրճատելու որոշումը կապում է նրա`ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունիսի 1-ին կայացած հեռախոսազրույցի հետ. տեղեկացնում է yerkir.am-ը:
Հեռախոսազրույցից 4 oր անց` հունիսի 5-ին, տեղեկություն տարածվեց, որ Թրամփը ծրագրում է Գերմանիայից դուրս բերել 9,5 հազար ամերիկացի զինծառայող:
«ԱՄՆ եվրոպական հրամանատարությունը (EUCOM) ենթակայության տակ ունի 34500 զինվոր, նավաստի,, օդաչու և ծովային հետևակային, և մշտական ուժերի կրճատումը 9500 մարդով սպառնում է ոչնչացնել Պենտագոնի վերջին տարիների` Ռուսաստանի դեմ պաշտպանունակությունն ամրապնդելու փորձերը: Տեղի կունենա՞ն Թրամփի կրճատումները, թե՞ ոչ, դեռ հայտնի չէ: Պարզ չէ նաև, թե EUCOM-ի ինչ ստորաբաժանումներ են դուրս բերվելու, սակայն ակնհայտ է, որ Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ցանկացած կրճատում թուլացնում է ՆԱՏՕ-ի պաշտպանությունը: The New York Times-ի տեղեկացմամբ` ԱՄն հրամանատարությունը «ապշած» է Թրամփի կրճատումներից»,- ասվում է հոդվածում:
Forbes-ը հիշեցնում է, որ Թրամփի նախորդի` Բարաք Օբամայի վարչակազմը կրճատել էր Եվրոպայում տեղակայված տանկային երկու բրիգադները Կոնգրեսի հետ 2011-ին պետական պարտքի առաստաղի մասին վեճից հետո, որը հանգեցրեց բյուջետային վերահսկողության մասին օրենքի ընդունմանը և բյուջեի «սեկվեստրին»: Եվրոպայում ցամաքային զորքերի թիվը 2011-ի 40 հազարից կրճատվեց մինչև 25 հազարի` 2014-ին: Օբամայի ժամանակների կրճատումներից հետո ԱՄՆ-ի` Եվրոպայում միակ զրահատանկային միավորը 300 Stryker անվային մեքենաներով գունդն է: Բացի դրանից` մայրցամաքային մասում մնացել է 173-րդ օդադեսանտային բրիգադը:
2014-ին` Ղրիմի` Ռուսաստանին միանալուց հետո, Պենտագոնը փորձեց վերականգնել իր ռազմական հզորությունը Եվրոպայում: Օբամայի վարչակազմը միլիարդավոր դոլարներ տրամադրեց Զսպման եվրոպական նախաձեռնության հովանու ներքո Եվրոպայում զորքեր տեղակայելու համար: ԱՄՆ բանակը Եվրոպա վերադարձրեց երկու գումարտակ` 18 հրթիռային կայանքներով` թրթուրավոր ընթացքով:
Ցամաքային զորքերը նույնպես Եվրոպայում տեղակայեցին զրահատանկային բրիգադ` 9-ամսյա ռոտացիոն հիմքով: Զրահատանկային տիպիկ բրիգադի զորանոցում լինում են մոտ 90 М-1 տանկեր, 130 М-2 մարտական մեքենաներ, նաև մոտ 18 М-109 ինքնագնաց հաուբիցներ:
Հիմա, ըստ Forbes-ի, Թրամփը մտադիր է կրճատել ԵՄ-ում ԱՄՆ բանակը, ավելացնելու փոխարեն, մինչդեռ Ռուսաստանը հասանելիության սահմաններում է պահում մերձբալթյան` ՆԱՏՕ-ի անդամ երկրները:
«Դրանից հետո ՆԱՏՕ-ի արևելյան անդամներն ավելի խոցելի կդառնան: Եթե ամերիկյան զորակազմը Եվրոպայում կրճատվի, Ռուսաստանին արդեն ոչ թե 60 ժամ, այլ ավելի քիչ անհրաժեշտ կլինի, որպեսզի ռազմական հակամարտության դեպքում գրավի Մերձբալթիկան»,- գրում է Forbes-ը: