կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-08 15:52
Քաղաքական

Հարատև պաշտոնավարո՞ւմ եք ակնկալում. Պապիկյանը՝ հրաժարականների մասին

«Պաշտոնանկությունների պատճառները տարբեր են լինում, վարչապետն առաջիկայում ասելիք կունենա, կխոսի նաև այս մասին: Կառավարման պետական համակարգը մշտապես ձգտում է ավելի արդյունավետ լինելուն, մեր գործողությունները միտված են այդ համակարգերն ավելի արդյունավետ դարձնելուն»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներին:

Պապիկյանը նշեց, որ սա բնականոն գործընթաց է և ոչ մի արտառոց բան չկա այս հրաժարականների դեպքում, ինչին ի պատասխան Yerkir.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք նշանակումից 2 ամիս հետո ոստիկանապետի և ԱԱԾ պետերի փոխարինումն այլ կադրերով նորմա՞լ երևույթ է:

«Հարատև պաշտոնավարում ենք ակնկալում՞: Իմ պաշտոնը և ցանկացած այլ պաշտոն զբաղեցնող պաշտոնյա այսօր կարող է պաշտոնավարել, իսկ վաղն ավելի արդյունավետ պաշտոնավարող թեկնածու կունենանք, ինքը կպաշտոնավարի»,-նշեց նախարարը:

Անդրադառնալով օրերս տեղի ունեցած ԲՀԿ քաղխորհրդի նիստին, Սուրեն Պապիկյանն ասաց. «Առողջ ընդդիմության գոյությունը ցանկացած կառավարության որակյալ աշխատանքի գրավականը կարող է լինել, որովհետև առողջ քննադատությունը կարող է բերել պետության համար դրական փոփոխությունների և արդյունքների: Նորմալ է, որ եթե կա իշխանություն, պետք է լինի նաև ընդդիմություն: Թե ինչ նպատակով է «Բարգավաճ Հայաստան»-ը կոնսոլիդացիայի կոչ անում և միավորման ինչ ակնկալիքներ ունի, իրենց խնդիրն է»:

Մանրամասները՝ տեսանյութում.