Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի ավելացումը մի կողմից կապված է քաղաքացիների վարքագծի հետ, մյուս կողմից՝ ընդլայնվել են լաբորատոր կարողությունները, արագ արձագանքման համակարգը: Կառավարությունում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Նրա խոսքով, կան վարակի դեպքեր ինչպես անհատական, օջախային, այնպես էլ առանձին տնտեսվարողների մոտ: Դրանից բացի, բռնկումների առիթ են դարձել տարբեր միջոցառումներ կազմակերպելը, դրանց մասնակցելը: Դրանց արդյունքում վարակը տարածվել է՝ ձևավորելով նոր օջախներ:
«Թվերի աճն ազդակ է այն մասին, որ պետք է կարողանանք թելադրվող անվտանգության կանոնները հավուր պատշաճի իրականացնենք: Ես շրջում եմ քաղաքում և տեսնում եմ մեր ազգաբնակչության վերաբերմունքը: Օրինակ, դիմակ կրելը: Ի վերջո, պետք է հասկանալ, որ դիմակ կրելը մի բան է, ճիշտ կրելը՝ մեկ այլ բան: Անհրաժեշտ է բոլոր կանոններին ճիշտ հետևել, որպեսզի կարողանանք երկրում իրավիճակը կայունացնել»,-ասաց Լիանա Թորոսյանը:
Լրագրողների այն հարցին, թե ինչու այլ երկրներում, վարակվածության թվերի անկում է նկատվում, իսկ Հայաստանում հակառակ պատկերն է, Լիան Թորոսյանը պատասխանեց, որ այլ երկրներում արվող անհրաժեշտ բոլոր միջոցառումները արվում են նաև մեր երկրում: «Այստեղ կարգապահության հարց է, դրանից բացի համապատասխան վերաբերմունք է անհրաժեշտ ու աչալրջություն: Անկախ նրանից՝ անհատ է, թե կազմակերպություն, յուրաքանչյուրը պետք է իրեն պատասխանատու զգա»,-ասաց նա:
Մասնագետը հորդորում է տկարություն, թուլություն ունենալու դեպքում չհաճախել աշխատանքի: Աշխատանքի գնալու ընթացքում դիմակը կրել ճիշտ ձևով: Պարբերաբար լվանալ, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորությունը: Տարածքները հաճախակի օդափոխել, կոշտ մակերեսները ախտահանել, ջերմաչափվել:
«Զերծ մնալ զանգվածային միջոցառումներ կազմակերպելուց: Հարգելի քաղաքացիներ, նման միջոցառումները կարող են ձեզ վնասել, նոր օջախների, նոր մահվան դեպքերի պատճառ դառնալ: Այս իրավիճակում հորդորում եմ հնարավորության սահմաններում ձեռնպահ մնալ նման միջոցառումներ անցկացնելուց»,- հավելեց նա:
Մայիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7113 դեպք, որոնցից 3145-ն` առողջացած, 87-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 51594 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 452 նոր դեպք և 81 առողջացած։