կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-15 16:15
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անչափահաս տուժողի ցուցմունքը՝ Զոդի կամրջի վթարի գործով

Ձեռքս կոտրվել էր: Դնչիս ու ոտքիս վերք ունեի, կտրված վերք էր վթարի հետևանքով՝ ըստ Yerkir.am-ի դատարանում այսպիսի ցուցմունք տվեց 2019թ.-ի հուլիսին Արարատի մարզի «Զոդի» կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով անչափահաս տուժող Արսեն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե  ինչ մարմնական վնասվածքներ է ստացել:

«Հարվածի պահը չեմ տեսել, իմ հեռախոսով էի զբաղված: Ընկերոջս հետ իրար օգնելով իջանք, մի անծանոթ մարդ տեսանք, տարավ հիվանդանոց: Չեմ տեսել, թե ոնց է այրվել մեքենան, ինձ տարան հիվանդանոց»,-նշեց տուժողը։

Նա տեղեկացրեց, որ երթուղայինով գնալիս է եղել Սուրենավան։

Տուժողը դժվարացավ հիշել, թե երթուղայինում քանի ուղևոր է եղել. «Ես դիմացն էի նստած՝ վարորդի անմիջապես կողքին»:

Մեղադրող դատախազը հարցրեց՝ բուն վթարը տեսե՞լ ես: Տղան ասաց, որ ոչ:

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին՝ժամը 15:00-ի սահմաններում,  Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա բախվել են «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, հրդեհ է բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:

«Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սողոմոն Հակոբյանը խախտել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները եւ ճանապարհային երթևեկության կանոնները, որն անուշադրությամբ առաջացրել է 7 մարդու մահ, եւ 4 մարդու առողջությանը պատճառվել էմիջին  ծանրության եւ ծանր մարմնական վնասվածքներ։

Մանրամասն՝ տեսանյութում․