կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-04 22:49
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարգելի պարետատուն, խելքը գլխին այթիշնիկներ բերեք, թող ձեր համակարգը աշխատեցնեն․ Նաիրա Զոհրաբյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարգելի պարետատուն, խելքը գլխին այթիշնիկներ բերեք, թող ձեր համակարգը աշխատեցնեն․ Նաիրա Զոհրաբյան

Տրանսպորտի հարցը պիտի անպայման բերվի օրակարգ եւ լուծում ստանա։ Այս մասին հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջից ուղիղ եթերով դիմելով ՀՀ պարետին։

«Հարգարժան պարետ, այո, շատ լավ է, որ տնտեսության որոշակի ճյուղեր՝ սրճարաններ, ռեստորաններ, վարսավիրանոցներ եւ այլն, աշխատելու են, բայց չի աշխատում տրանսպորտը։ Առավոտից ստացել եմ տասնյակ նամակներ վարսավիրանոցների, ռեստորանների, սրճարանների աշխատակիցներից, որոնք ասում են, որ մեր գործատերը մեզ զգուշացրել է, որ իրենք չեն կարողանալու ապահովել տեղափոխումը աշխատավայր, քաղաքային տրանսպորտը չի աշխատում, մետրոն չի աշխատում, մենք ի վիճակի չենք այդ շատ ցածր, որոշ դեպքերում՝ կասկածելի ցածր աշխատավարձերով ամեն օր գնալ տաքսիներով։ Ես կարծում եմ, որ այս հարցը պիտի անպայմանորեն բերվի Ձեր օրակարգ եւ որոշակիորեն իր լուծումը ստանա», ասել է Նաիրա Զոհրաբյանը։

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորի երկրորդ հարցը վերաբերում է վարկերի խնդրին։

«Քանիցս ասվեց, որ տրվելու են վարկեր, հատկապես՝ գյուղացիական վարկեր, գյուղացիական տնտեսություններին՝ անտոկոս։ Բայց հարգելի կառավարություն, ես, իհարկե, որոշ անուններ փոխանցեցի ԿԲ նախագահին, որ մասնավոր բանկերը, որոնք մասնագիտացած են գյուղացիական վարկեր տրամադրելու մեջ, նույնիսկ գերազանց վարկային պատմություն ունեցողներին մերժում են տարբեր անհասկանալի պատճառաբանություններով, տարբեր արհեստական խոչընդոտներ են ստեղծում։ Դիմում եմ այդ բանկերին․ մի արեք, պարզապես մի արեք։ Եթե ձեզ հետ եկել են ջենտլմենական պայմանավորվածության, որ դուք պետք է այս սեգմենտը վարկավորեք, այն էլ՝ վարկավորեք իսկապես առողջ, նորմալ վարկային պատմությամբ ֆերմերներին, ինչո՞ւ եք տարբեր բյուրոկրատական քաշքշուկներով ձգձգում վարկի տրամադրումը, երբ գյուղատնտեսական աշխատանքները սկսված են», հարցրել է Նաիրա Զոհրաբյանը, ահազնգելով, որ հետո կարող է ուշ լինել։

Նամակների մեկ այլ խմբաքանակ էլ բարձրացրել է ուսանողների խնդիրը․

«ԲՀԿ-ն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել բոլոր ուսանողների մասով։ Կարծում եմ՝ այստեղ արդարության լրջագույն խնդիր կա։ Երբ դուք ասում եք՝ բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներ․․․ Համաճարակը չի ընտրել մտնել այն ընտրանիքները, որտեղ երեխաները բարձր ՄՈԳ ունեն, բարձր առաջադիմություն ունեն։ Համաճարակը թակել է եւ թակելու է նաեւ այն ընտանիքների դուռը, որոնք ունեն վատ սովորող ուսանողներ, եւ ես կարծում եմ՝ նրանց եւս պետք է ներառենք այս փաթեթի մեջ։ Եվ, ի վերջո, ինձ դիմել են նաեւ հեռակա կարգով սովորող ուսանողներ։ Նրանց համար առաջարկվում են անտոկոս վարկեր։ Լավ, տվեցիք անտոկոս վարկ, մայր գումարը այդ երեխան ինչպե՞ս է փակելու, եթե նրա ծնողները նույնպես այս համավարակի պատճառով չեն աշխատում»։

«Հարգելի կառավարություն, հարգելի պարետատուն», դիմելով իշխանություններին՝ ասել է Նաիրա Զոհրաբյանը։- «Մի հատ ռեստարտ արեք եւ խելքը գլխին այթիշնիկներ բերեք, թող ձեր համակարգը աշխատեցնեն այնպես, ինչպես պիտի աշխատի, որովհետեւ շահառուն հստակ գիտի, որ 8-րդ, 9-րդ կամ 11-րդ ծրագրի շահառու է, ներբեռնում է իր տվյալները եւ պատասխանը գալիս է՝ ոչ, որովհետեւ համակարգը սխալ է աշխատում, չի կարողանում հասցեականությունը ճիշտ տեղորոշել»։

«Հասկանում եմ, որ տանը փակված վակուումը շատերի մոտ սրճարաններ լցվելու գժական ցանկություն է առաջացրել, բայց սիրելիներս, թողեք 1-2 օր, ամբողջապես մի պաշարեք սրճարանները, որովհետեւ նրանք չեն կարողանալու աթոռների սոցիալական հեռավորությունը պահպանել եւ յուրաքանչյուր նման իրավիճակ մեծացնելու է ռիսկը», կոչ է արել Նաիրա Զոհրաբյանը, նաեւ նշել․ «Այսքան դիմացել եք առանց սրճարանների, մի քիչ էլ կարելի է դիմանալ, փորձել այդ տեմպը թեթեւացնել եւ հետո միայն այցելել սրճարաններ»։

«Սովորաբար մենք միշտ կարողացել ենք դժվար իրավիճակներում մոբիլազանալ, մի կողմ դնել անձնական ամբիցիաները եւ տարաձայնությունները։ Ես հիմա նայում եմ, թե ինչ այլանդակ, կեղտոտ, գոտկատեղից ներքեւ մորդոբոյ է գնում սոցիալական ցանցերում տարբեր քաղաքական ուժերի, գործիչների միջեւ եւ այդ ամբողջին խառնվում են ֆեյք եւ իրական օգտատերեր, որոնք քաղաքական ակտիվ դիրքորոշում ունեն, եւ ինչ-որ հայհոյանքի գերդոզա է սոցիալական տիրույթում հասարակության մեջ։ Մի արեք, համաճարակը պատերազմ է ողջ աշխարհին եւ Հայաստանը բացառություն չէ։ Պատերազմի ժամական բոլորը պարզում են սպիտակ դրոշները, բոլորս պարզենք այդ համերաշխության դրոշը, իրար չբզկտենք, չուտենք։ Եթե անգամ մեկս մյուսի կարծիքի հետ համաձայն չենք, դա արտահայտենք ոչ թե՝ «տո գնա այսինչի տղա» ձեւակերպմամբ եւ մի հատ էլ հարվածենք մռութին, այլ փորձենք քաղաքակիրթ դիսկուրսի ճանապարհով այդ բոլոր խնդիրները կարգավորել, որովհետեւ սոցիալական լարվածութոյւնը ահավոր մեծ է»։

Որպես ԲՀԿ քաղաքական խորհրդի նախագահ, Նաիրա Զհրաբյանն ասել է նաեւ, որ ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը ֆիզիկապես չեն հասցնում մշակել այն նամակները, որ գալիս են հանրապետության բոլոր մարզերից օգնելու խնդրանքով, բայցեւ խոստացել է․

«Գագիկ Ծառուկյանի անունից հայտարարում եմ, որ չի լինելու կարիքավոր ընտանիք, որ ունի սննդային փաթեթների խնդիրը եւ մենք նրա տուն չենք գնալու եւ անձամբ իրեն դրանք չենք հանձնելու»։