կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-01 18:32
Քաղաքական

ՍԱԾ յուրաքանչյուր աշխատակցին` կենսաթոշակից 2.6 անգամ ավել ամսական պարգևավճար

ՍԱԾ յուրաքանչյուր աշխատակցին` կենսաթոշակից 2.6 անգամ ավել ամսական պարգևավճար

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ սոցիալական ապահովության ծառայության ղեկավար Անի Ամիրշադյանի անունով՝ խնդրելով նշել, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 29.02.2020 թվականը և որքա՞ն է հիմնարկի աշխատակիցների թիվն այս պահին:

Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ ՀՀ սոցիալական ապահովության ծառայության աշխատակիցներին տրամադրված պարգևավճարները 2018 թ. 8 ամիսներին կազմել է 236169.14 հազ. դրամ, 2019 թ.՝ 562430.09 հազ. դրամ, 2020 թ. առաջին երկու ամիսներին՝ 95120.35 հազ. դրամ:

ՍԱԾ աշխատակիցների փաստացի թվաքանակը 29.02.2020 թ. դրությամբ կազմել է 580 մարդ:  

Ինչպես տեսնում ենք՝ 2018 թ. ամսական պարգևավճարների միջին թիվը կազմել է 29.521.142,5  (մոտ 30 մլն դրամ), 2019 թ.՝ 46.869.174,2 դրամ (մոտ 47 մլն դրամ): Ի դեպ, 2019 թ. ավելացել է ևս մեկ՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածը, որը չի եղել 2018 թ.: 2020 թ. առաջին երկու ամիսների հիմքով՝ ամսական պարգևավճարների թիվը կազմել է 47.560.175 (շուրջ 47,5 մլն դրամ): Այսինքն՝ 2019-2020 թթ. ամսական պարգևավճարների թիվը 2018 թ. համեմատ աճել է ավելի քան 50 %-ով, և, ենթադրելի է, որ այսօր էլ վճարվում է այդ նույն բարձր թիվը, եթե ոչ ավելին: 

Հավասարաչափ բաշխման դեպքում՝ ՀՀ սոցիալական ապահովության ծառայության յուրաքանչյուր աշխատակից ամսական ստաբիլ կերպով 2019 թ. սկսած մինչ օրս ստանում է 82.000 դրամ պարգևավճար, ինչը, ինչը ամսական միջին կենսաթոշակից ավելի քան երկուսուկես անգամ ավելի է:

Բնականաբար՝ ամսական պարգևավճարի 82.000 թիվը միջինացվածն է, և ՍԱԾ-ի ավելի բարձր օղակներում այդ թիվը շատ ավելին է, իսկ միջին և ստորին օղակներում, հնարավոր է, որ այն դրանից ցածր է:

Ասյպիսով՝ Փաշինյանի իշխանության շրջանում, շուրջ 22 ամիսների համար ՀՀ սոցիալական ապահովության ծառայության աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների թիվը կազմել է 893.719.580 դրամ (շուրջ $ 1.873.000):

Վ. Սարգսյան