Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների ընդհանուր չափը (մեկ թվով)՝ 09.05.2018 թվականից մինչև 29.02.2020 թվականը և որքա՞ն է հիմնարկի աշխատակիցների թիվն այս պահին:
Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ նշված ժամանակահատվածում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատողներին տրամադրված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 187.892.678 ՀՀ դրամ (ավելի քան $ 390.000), որը ամսական կազմում է մոտ $ 18.000:
Հիմնարկի աշխատողների թվաքանակը 96 է:
Փաստենք, որ, օգտվելով ազգաբնակչության շրջանում առկա խուճապային տրամադրություններից՝ ՀՀ որոշ խոշոր ընկերություններ այս օրերին թանկացրել են պարենային ապրանքների գները: Yerkir.am-ի ուսումնասիրմամբ՝ Բաղրամյանի ալյուրը, օրինակ, այս օրերին խանութներին տրամադրվում է կգ-ը 20 դրամով թանկացված, շաքարավազը՝ 10 դրամով և այլն (այս դեպքում երկու ապրանքներն էլ մատակարարվում են ոչ պաշտոնապես Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունների կողմից):
Նորություն չէ նաև կրկին խուճապային այս օրերին դեղատների կողմից դիմակների և որոշ ախտահանող նյութերի՝ արհեստական թանկ վաճառելու, ավելին՝ ՀԴՄ-ների վրա բոլորովին այլ գներ, քան հաճախորդից փաստացի գանձվածը, արտացոլելու զանգվածային դեպքերը:
Նույնկերպ՝ ազգաբնակչությունն արդեն վարժվել է այն իրողությանը, որ Զատկին թանկանալու է ձուն, Մարտի 8-ին՝ ծաղիկը, հունվարի 6-ին՝ ձուկը, Ամանորին՝ ամեն ինչը և այդպես շարունակ: Ավելին՝ բավական է, որ տնտեսվարողներն այսօր մի լուր կարդան՝ Կրասնոդարում ցորենի կամ Բրազիլիայում՝ շաքարավազի գների որոշակի տեղաշարժերի մասին, և վաղն առավոտյան իսկույն դա նկատելի է դառնում Երևանի հացի փռերում կամ խանութներում:
Այսինքն՝ ազատ շուկայական հարաբերություններում մեր տնտեսվարողները գործում են «ազատ»՝ բառի վատագույն իմաստով, և ազգաբնակչությունը որևէ կերպ իր վրա չի զգում պետական այս մարմնի գոյությունն ու գործունեությունը:
Հետաքրքիր է՝ այդ նույն ազգաբնակչությունը տեղյա՞կ է, որ պետական այդ կազմակերպությունը տնտեսվարողների նման «թավշյա գռփումների» համար ամսական պարգևատրվում է $ 18.000-ով:
Վ. Սարգսյան