Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցավալի լուրն այսօր արձանագրեց տխուր իրողությունը: Կյանքի ու մահվան պայքարում մահը հաղթեց, ու Մարտին Ադոյանը հրաժեշտ տվեց երկրային կյանքին: Այս մասին հայտնում է Կինեմատոգրաֆիստների միությունը:
«Մեր շատ սիրելի Մարտին Ադոյանը՝ «Մոսկվա» կինոթատրոնի անփոխարինելի տնօրենը, հարգանք վայելող կինոպրոդյուսերն ու մշակութային գործիչը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Ազգային կինոակադեմիայի անդամը, սիրված ընկերն ու գործընկերը, համեստ, նվիրյալ, գիտակ մարդը, լավ ընտանիքի գլուխը…
Շատ երկար կարելի է թվարկել Մարտին Ադոյան մարդու առաքինությունները: Նա այն եզակի անձնավորություններից էր, որ իր կյանքի գործը համարեց կինոն, հայ կինոն, նվիրվեց կինոյին, ամեն ջանք ներդրեց կինոմիջավայրի ու կինոմշակույթի պահպանման ու զարգացման համար Հայաստանում:
Նրա բացառիկ ջանքերով էր նաև, որ վերապրեց «Մոսկվա» կինոթատրոնը՝ Հայաստանի համար ծանրագույն օրերին անգամ չթողնելով կինոյի առաջնագիծը: Նրա ջանքերով էր նաև, որ վերապրեց Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնը՝ մնալով մշակութային օջախ մշակութային քաղաքում: Նրա ջանքերով էր նաև, որ կայացան ու զարգացան հայկական կինոփառատոները, այդ թվում և «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ ամենածանր պայմաններում անգամ ապավինելով «Մոսկվա» կինոթատրոն մշակութային օազիսին:
Ի վերջո, նրա ջանքերով էր նաև, որ Երևանի խորհրդանիշ «Մոսկվա» կինոթատրոնը՝ իր բոլոր դժվարություններով ու խնդիրներով հանդերձ, մնաց Երևանի խորհրդանիշը:
Մեր հողի հետ ամուր արմատներով կապված ճշմարիտ հայ մարդ էր Մարտին Ադոյանը, կինոյի ճշմարիտ նվիրյալ ու մշակ, և նրա անունն ու գործը մշտապես մնալու են կինոյի, հայ կինոյի էջերում:
Խորապես ցավակցում ենք Մարտին Ադոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, ընկերներին ու բարեկամներին նրա անժամանակ մահվան առթիվ»:
Հավելենք, որ Նախնական տեղեկություններով` Ադոյանը մահացել է ինսուլտի հետևանքով։ Նա 29 տարի զբաղեցրել է «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենի պաշտոնը: