կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-27 09:14
Քաղաքական

Ճանաչու՞մ եք որևէ թուրքի, ով համաձայն է հայության հողային կորստի չնչին իսկ չափով փոխհատուցման. Ա. Շահբազյան

Ճանաչու՞մ եք որևէ թուրքի, ով համաձայն է հայության հողային կորստի չնչին իսկ չափով փոխհատուցման. Ա. Շահբազյան

ՀՅԴ անդամ Արտաշես Շահբազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կողքից հետեւում եւ տեսնում եմ, որ շարունակվում են Թուրքերին ներելու կամ չներելու մասին խոսակցությունները: Գիտակցաբար կամ անգիտակցաբար շատերը ներքաշվում են այս բանավեճի մեջ՝ երեւի լավ չպատկերացնելով, որ ինքը քննարկումը արդեն իսկ մեր ազգային-հավաքական մեծ զիջումն է, որովհետեւ հանկարծ մեզանում կյանքի իրավունք է ստանում այն հարցը, թե. «իսկ գուցե եւ կարելի է ներել, քննարկենք տեսնենք՝ հա՝ հա, չէ՝ չէ»: Իմ խորին համոզմամբ սա դրսից ներմուծված գաղափար է եւ պատահական չէ, որ նման քննարկումը շրջանառության մեջ է մտնում հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: Նիկոլ Փաշինյանի հասցեին արված ակնարկիս ամենաակնառու ապացույցը այն է, որքան մարդիկ են նրա շրջապատից, պաշտոնյա կամ ոչ պաշտոնյա, այս հարցը քննարկման հրապարակ նետում կամ ակտիվորեն ներկա են այդ հրապարակում: Ավելին, նայեք ովքեր են, հաճախ տարբեր փիլիսոփայական, հասարակական-քաղաքական բնույթի մանիպուլյացիաներ անելով, այս կամ այն տեսանկյունից հարցի քննարկման վերաբերյալ դրական մոտեցում ցույց տալիս: Չեմ զարմանա, եթե մոտ ապագայում կրկին ասպարեզ իջնի նոր մի «Հայ-թուրքական հաշտության» հանձնաժողով: Առողջ բանականությամբ, նորմալ հայ մարդիկ պետք է զգոն լինեն եւ չհանդուրժեն մեզ կրկին ներքաշելու նման ծուղակի մեջ:

Հիմա մի քանի սկզբունքային հարցադրում առկա հարցի վերաբերյալ: Ո՞րն է գլխավոր խնդիրը, որի պատճառով Թուրքիան խուսափում է այս հարցից: Մենք մոռանում ենք, որ ցեղասպանության հետեւանքով, ոչ միայն վերացել կամ գրեթե վերացել է իր բնօրրանում ապրող արեւմտահայ ժողովուրդը, այլեւ կորսվել ու թուրքացվել է Արեւմտահայաստան երկիրը: Երկիրը իր ժողովրդին միշտ կվերարտադրի, իսկ օտարությունը միշտ կսպառի կձուլի ու անհետացման կդատապարտի հայրենիքի հավերժ «նախկին» բնակչին: Հիմա ինչի՞ց ելնելով ներել: Դուք ճանաչո՞ւմ եք որեւէ թուրքի ով համաձայն է հայության հողային կորստի չնչին իսկ չափով փոխհատուցման: Ձեզ չի՞ թվում, որ ժամանակակից թուրքական քաղաքականության շրջագծում է տեղավորվում նաեւ այդ որոշ սահմանափակ թուրք հավաքականության գոյությունը, որը ցավ է հայտնում, որ ժամանակին իր վատ պապերը սպանել են հայերին: Ինչքան լավ են ծախում մեզ վրա այս երեւույթը այն օտարները, ովքեր ցանկանում են միջազգային օրակարգերից դուրս բերել ցեղասպանության հարցը, առանց ֆիզիկական կամ, նույնիսկ, բարոյական փոխհատուցման եւ ազգային հարցերի առուծախի պատրաստակամ մեր փերեզակները:Մնալով պատշաճության սահմաններում ես ցանկանում եմ հարցնել ներողներին եւ ներելու հարցը քննարկելու պատրաստակամներին, հարգելիներս ո՞վ եք դուք, դուք ո՞ւմ կողմից եք լիազորված ներելու կամ չներելու: Ձեզ այդպիսի լիազորություն են տվել միլիոն ու կես նահատակվածնե՞րը, 800000 թուրքացվածներն ու լլկվածնե՞րը, թե Արեւմտահայաստանի տերերը: Քանի որ այս տեսակի հետ շատ խոսելիք չկա դարձյալ դիմում եմ մյուսներին՝ բարեկամներ եւ հայրենակիցներ զգոն լինենք, զգուշանանք եւ երբեք թույլ չտանք, որ նման քննարկումները ծլարձակեն մեր գլուխներում եւ մտնեն հանրային միջավայրեր: Վստահ եմ կանցնի ոչ շատ ժամանակ եւ կբացահայտվի, որ շատ ավելի խորքային երեւույթի արդյունք է այն՝ ինչն այժմ տեսանելի է միայն մակերեսի մակարդակում: Հիշեք Լեւոնի Ժամանակները, հիշեք նրա, բանակցությունները թուրք դեսպանի ու լրագրողի հետ եւ բանակցելու նախաձեռնությունը գորշ գայլերի առաջնորդ Թյուրքեշի հետ: Հետեւենք, թե մեր շուրջն ինչ ջրեր են հոսում: Սա էլ կհաղթահարենք, վստահ եմ, միայն թույլ չտանք մեր ծոցում մեծացած իժը թունավորի մեզ»։