կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-25 14:18
Քաղաքական

Հայաստանում «ճշմարտության պահն» է. Միքայել Մինասյան

Հայաստանում «ճշմարտության պահն» է. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հոդված է հրապարակել Aravot.am-ում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

«Սա անսովոր և սակավաթիվ այցելուներով ապրիլի 24 էր՝ Ծիծեռնակաբերդում և ամենուր։ Դրանով իսկ պատեհ առիթ՝ լուռ մտածելու ու մեր պատմության ողբերգական երևույթները մի փոքր այլ հայացքով դիտարկելու համար։ Հնարավորություն՝ նոր լույսի ներքո վերաիմաստավորելու հայտնի դեպքերի մեր ընկալումն ու իմացությունը։

Պատմության վերաիմաստավորումը պատմափիլիսոփայության ամենաարագ զարգացող ուղղություններից է, որը Միշել Ֆուկոյի «թեթև ձեռքով» այսօր դարձել է մտածողության նոր դպրոց։ Դրա ներկայացուցիչները պնդում են՝ պատմությունը սոսկ անցյալը չէ, այն ունի նպատակ։ Անցյալը պարունակում է զուտ փաստեր, պատմությունը՝ իմաստ ու բովանդակություն։ Այն սնվում է քննադատական մտածողությունից, փաստարկներից, տեսություններից ու կոնցեպտներից։ Դա բարդ կոնստրուկցիա է, որի վրա է դրվում ներկան ու կառուցվում ապագան։

Մեր հավաքական միտքը նախորդ հարյուրամյակի ընթացքում ավելի շատ կենտրոնացել էր Հայոց ցեղասպանության մանրամասն վավերագրման ուղղությամբ՝ զոհերի թվից մինչև եղեռնագործության ժամանակագրություն, հանցագործության քարտեզագրումից մինչև միջազգային քաղաքականություն։ Մեր պատմագիտական միտքը զբաղված էր ապացուցելու ցեղասպանության անժխտելիությունը, իսկ ազգային ջանքը՝ հասնելու դրա միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը։ Դա միանշանակ անհրաժեշտ է, բայց այսօր՝ ոչ բավարար։ Որովհետև ժամանակակից իրողությունները պահանջում են պատմության քննական իմաստավորում, քննադատական բովանդակություն՝ ինչո՞ւ եղավ, ինչպե՞ս, արդյոք կարո՞ղ էր չլինել և ի՞նչ դասեր էր պետք քաղել ազգային աղետից։ Արդեն քաղաքական հարթությունում պետք է չխուսափել հարցերից՝ իսկ որտե՞ղ սխալվեցինք, ի՞նչ չարեցինք, կամ ի՞նչ արեցինք, որ չպիտի անեինք։

Երբ այս լույսի ներքո նայում ենք Հայոց ցեղասպանության պատմությանը, ապա տեսնում ենք, որ կան բազմաթիվ սպիտակ էջեր՝ հենց մեր ընթերցման համար։ Հայոց ցեղասպանության մասին խոսելիս, ի վերջո, ինքներս մեր մեջ ուժ պիտի գտնենք՝ դուրս գալու զոհի բարդույթից ու մեր ազգային աղետին նայելու նաև այդ՝ խիստ realpolitik–ի տեսակետից։ Հետևաբար, սրբադասելով ցեղասպանության զոհերին ու շարունակելով մեր ջանքն ընդդեմ ժխտողականության, հանուն ճանաչման, դատապարտման ու հետևանքների վերացման, պետք է զուգահեռ ապամիֆականացնենք մեր իսկ պատմությունը` այն «սակրալ» տեքստից դարձնելով աշխատանքային չափազանց օգտակար մի փաստաթուղթ, որից պետք է սովորել ու վերաիմաստավորել այն։ Ի վերջո գտնել, սերտել և սերունդներին փոխանցել «այլևս երբեք»-ի բանաձևը։

Ասվածը միայն Հայոց ցեղասպանությանը չէ, որ վերաբերում է։ Պատմության շատ դրվագների մասին մեր իմացությունը դեսակրալիզացնելու անհրաժեշտություն ունի։ 20-րդ դարի ու նաև դրան նախորդած ժամանակների պատմության մեր իմացությունն այդ կարիքն ունի, իսկ մեր` դեռ երեկվա պատմության առումով, գործընթացը կարծես թե սկսվել է։ Եվ դրա համար բոլորս պետք է շնորհակալ լինենք այս իշխանությանը։

Հայաստանի վերջին տասնամյակների պատմությունը քաղաքական պայքարին զուգահեռ ձևավորել էր միֆեր, որոնց, թվում է` ոչ ոք չէր էլ ցանկանում մոտ գալ, ստուգման ենթարկել դրանք։ Երկար ժամանակ հասարակությունը, նրա առանձին շերտերը սնվում էին դրանցով՝ ձևավորելով սեփական վերաբերմունքն ըստ սեփական սոցիալական դիրքի, ընկալումների և սպասումների։ Իսկ այդ բոլոր միֆերը հիմա հօդս են ցնդում։

20 տարուց ավելի Հայաստանն ապրում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկության «դավադրությունների տեսությամբ»։ Լինելով նորանկախ Հայաստանի ամենամեծ ողբերգություններից մեկը՝ այն նաև մեզանում ամենաշատը շահարկվածներից է։ Այսօր դրա մասնակիցների մեծ մասը կան, կան բոլոր վկայությունները՝ քրեական գործը, կրկին խոսելու պատրաստակամ ոճրագործները և «ամեն ինչ բացահայտելու կամքն» իր հերթական փիառ այցեքարտը դարձրած իշխանություն։ Ու հենց Նիկոլ Փաշինյանի շնորհիվ, որն ամենաշատն էր հավատում և ցանկանում տեսնել «դարի դավադրությունը», ոչինչ տեղի չունեցավ։ Պարզվեց` այն, ինչ երկու տասնամյակ ակնարկում էին, սպառնում կամ զգուշացնում, որևէ աղերս չունի իրականության հետ։ Միգուցե պատճառն այն է, որ իրականում անհայտ գրեթե ոչինչ չի՞ մնացել։

Ուղիղ 12 տարի մեր ժողովրդին «կերակրել» են մարտի 1-ի «իշխանության դավադրության» միֆով՝ այդ ընթացքում ու մինչև օրս չխորշելով զոհերին քաղաքական պայքարի վահան դարձնել։ Եվ նորից. առանց բարդույթի, անգամ 10 զոհերի հիշատակից չամաչելով, մարտի 1-ը շարունակում է մնալ ներքաղաքական պայքարի կռվան։ Բոլորին ներշնչել էին, թե հենց Նիկոլ Փաշինյանը գա իշխանության, վերջապես, կբացահայտի «խնամքով թաքցվածը», առավել ևս, որ ուղիղ 2 տարի առաջ հենց նա՛ հայտարարեց. «Մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտված է»։ Ի՞նչ ունենք այժմ. ոչինչ, բացի մեկ հանգամանքից. ինչպես 2008-ի մարտին, այնպես էլ 2018-ի մարտին, Նիկոլ Փաշինյանն ամեն գնով փորձում էր գալ իշխանության։ 2018-ին հաջողվեց, և մարտի 1-ը քաղաքական միֆից դարձրեց քաղաքական գործիք։

Արդեն 4 տարի հանրային մեղադրանքների հիմքում ապրիլյան պատերազմն է. այն հաղթանա՞կ է, թե՞ պարտություն, դավադրությո՞ւն, թե՞ դավաճանություն, տանկերում վառելի՞ք էր, թե՞ ջուր, փամփուշտները բավարա՞ր էին, թե՞ ոչ, կռվի հրահանգավորումը Ռուսաստանի՞ց էր, թե՞ դա ապուշ բարբաջանք է։ Սրանք նույնիսկ հարցեր էլ չէին, այլ «աքսիոմներ»։ Ձևավորվեց նույնիսկ խորհրդարանական հանձնաժողով, որը վերածվեց անիմաստ թատրոնի և մեծ հավանականությամբ գալու է վավերացնելու հերթական միֆի սնանկությունը։

Ապամիֆականացվեց նաև նախկին ընդդիմության՝ առկա խնդիրները լուծելու կարողություն ունենալու մասին միֆը։ Մինչև այդ ու արդեն 30 տարի բոլորը հավատում էին, որ ընդդիմադիրները տաղանդավոր, անկաշառ, նվիրյալ մարդիկ են, ուղղակի հնարավորություն չունեին առաջնորդելու և ապացուցելու. պետք է հեղափոխություն անել, նրանց բերել իշխանության, և ամեն ինչ կընկնի իր տեղը։ Հիմա նրանք իշխանության են, և առկա խնդիրները լուծելու կարողություն ունենալու՝ նրանց մասին հյուսված տարիների միֆը հօդս է ցնդել։ Նրանց աշխատանքը և արդյունքները բոլորի աչքի առաջ են՝ խափանվող տնտեսություն, ձախողված միջազգային հարաբերություններ, գրպանային արդարադատություն, խեղված արժեքներ։

Ակնհայտ դարձավ ամենացավալին. պարզվեց, որ այս բոլոր միֆերը հասարակության հետևողականորեն հրամցվող՝ իշխանության և փողի համար պայքարի շատ սովորական գործիքներ էին։ Այդ միֆերը կապ չունեն ո՛չ իրականության, ո´չ հայրենասիրության, ո՛չ էլ ժողովրդի և պետության բարեկեցության հետ։ Ու այսօր, ստի թագավորությունը, որի ճարտարապետն ու հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, աստիճանաբար փլուզվում է։ Ու ինչպես միշտ է պատահում՝ փլուզվում է հենց կառուցողի գլխին։

Ճշմարտությունների բացահայտման այս ժամանակաշրջանը գուցե ցավոտ է, բայց նաև՝ օգտակար։ Օգտակար առաջին հերթին մեր ժողովրդի վաղվա համար։ Որովհետև պատմություն ունենալու համար պետք է ազատվել միֆերից։ Ապամիֆականացումը ստեղծում է պատմության ճիշտ շարադրանք, որի վրա պետք է հիմնել ապագան։ Եթե չլինի ապամիֆականացումը, այդպես էլ չենք հասկանալու, թե ո՞վ ենք մենք ու ինչի՞ ենք ընդունակ։ Եվ ի՞նչ պետք է անենք անընդունակ ու անկարող իշխանության հետ։ Նույն կերպ, մի օր թերևս գանք նաև ցավոտ եզրակացության, որ մեր բոլոր ողբերգությունների մեջ մեր մեղքի բաժինն ունենք։ Որովհետև չի կարող հաղթանակը լինել մերը, իսկ պարտությունը՝ հանգամանքների բերումով։ Ու մի օր հավանաբար հասկանանք, թե այդ ի՞նչ պիտի անեինք ինքներս՝ խուսափելու նախորդ դարասկզբի ազգային աղետից, որ չարեցինք կամ չկարողացանք անել այնպես, ինչպես պետք էր։ Որովհետև այն, ինչ ցանկանում էին և արեցին ուրիշները, հայտնի է մեզ էլ, աշխարհին էլ։

Հ.Գ. Միֆերը շատ ավելին են, քան թվարկված է։ Ուղղակի հոկտեմբերի 27-ը, մարտի 1-ը և ապրիլյան պատերազմը այն տեսանելի եռանկյունին է, որի մեջ հարմար տեղավորվել են բոլոր մնացածները։ Ընթացիկ ապամիֆականացումների շարքը բացում է իրատեսության ու հեռատեսության հաղթանակի պատուհանը։ Իսկ դա հաջողության հասնելու առաջին քայլն է։ Հայաստանում «ճշմարտության պահն» է»։