Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համաշխարհային տնտեսությունը թեւակոխում է տնտեսական ճգնաժամի հերթական փուլը, այս անգամ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով. Ներկայումս, շատերին է հետաքրքրում այն հարցը, թե ինչ է հարկավոր անել, որպեսզի վնասը հնարավորինս նվազագույն լինի, իսկ ընձեռնված հնարավորություններն էլ առավել արդյունավետ օգտագործվի։ Այս մասին իրենց հոդվածում նշել են «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ, «Տնտեսություն» հանձնախմբի համանախագահ Իգոր Զարգարյանը եւ «Սոցիալական հարցեր, առողջապահություն, բնապահպանություն» հանձնախմբի անդամ , ԱՕԿ Արմեն Գեւորգյանը:
Հոդվածում, մասնավորապես, ասվում է.
«Նշվածի կապակցությամբ համառոտ ներկայացնում ենք մեր պատկերացումները, նշելով թե ինչ պետք է անեն սեփականատերերն ու բիզնեսի կառավարիչները, եւ ինչ պետք է անի պետությունը, որպեսզի օժանդակի նրանց։ Մեր առաջարկները չեն հավակնում լինել ընդհանրական լավագույն լուծում, սակայն դրանց մի մասը կարող է համապատասխանել եւ որոշ դեպքերում լիովին բավարարել պոտենցիալ օգտագործողների լայն շրջանակի պահանջմունքները։
Այսպիսով, ի սկզբանե պետք է գիտակցել, որ կապիտալի կորուստ է լինելու, ընդ որում, շատերի մոտ՝ էական։ Հաշտվելով այդ մտքի հետ, պետք է առնվազն մեկ տարի չմտածել շահույթի, առավել եւս դիվիդենդի վճարման մասին։ Տնտեսական ճգնաժամի պայմաններում «շահույթի ստացում» նպատակը մղվում է հետին պլան եւ առաջնային դառնում ընկերության վճարունակության եւ իրացվելիության պահպանումը։
Հաջորդ կարեւոր գիտակցումն այն է, որ փողից զատ, այս պահի կարեւորագույն ակտիվներից են՝ իրացման շուկաները, հաճախորդները, արժեքավոր աշխատակիցները, հուսալի մատակարարները եւ ընկերության հեղինակությունը։ Հետեւաբար, բիզնեսի պահպանումը պայմանավորված է նրանով, թե որքանով արդյունավետ հնարավոր կլինի կառավարել այս պահի կարեւորագույն ակտիվները։ Հարկավոր է վերը նշված բոլոր ուղղություններով անհապաղ աշխատանքներ սկսել։ Մասնավորապես պարտաճանաչ հաճախորդներին պետք է ընդառաջել վճարման պայմանները մեղմելու, անհրաժեշտության դեպքում նաեւ գները իջեցնելու միջոցով։ Եթե գնորդը եւ նրա կողմից տիրապետվող շուկան ձեզ համար թանկ է, ապա պատրաստ եղեք նաեւ վնասով վաճառել։ Նախորդ՝ 2008թ գլոբալ ֆինանսատնտեսական եւ 2014թ ռուսական արժութային ճգնաժամերի ժամանակ, հայկական շատ ընկերություններ իրենց արտադրանքը վնասով էին վաճառում ռուսական շուկայում, սակայն դրանով նրանք կարողացան պահպանել իրենց տեղը։ Արտահանող ընկերություններին, արտաքին շուկաներում իրենց տեղը պահպանելու եւ նոր շուկաներ նվաճելու խրախուսման նպատակով մեծ աջակցություն կլինի, եթե պետությունը կարողանա տրամադրել սուբսիդիաներ, արտահանման շրջանառության դիմաց այս պահից մինչեւ 2021թ վերջը փաստացի ստացված գումարների 2-3%-ի չափով։ Բացի դա, բիզնեսին օժանդակություն կարող է լինել նաեւ այն, որ վնասով աշխատելու հետ կապված՝ ֆիսկալ մարմինները այդ ժամանակաշրջանում ազատեն բիզնեսը տարբեր տեսակ ստուգումներից, եթե մինչ ճգնաժամը ընկերությունը աշխատել է շահույթով։
Անպարտաճանաչ հաճախորդների մասով, ընդհակառակը, պետք է պայմանները խստացնել եւ պակաս հանդուրժող լինել։ Նրանց կարող եք լրացուցիչ զեղչ առաջարկել, եթե կանխավճարով գնեն։ Հարկավոր է դեբիտորական պարտքերի կառավարման ընթացակարգը վերանայել եւ համապատասխանեցնել ժամանակի պահանջներին։ Ինչ վերաբերվում է ձեր մատակարարներին, ինչպես նաեւ գործընկեր բանկերին, ապա նրանք էլ նույնպես պետք է ձեզ ընդառաջեն, ինչպես դուք ձեր գնորդներին։ Եթե դուք նրանց համար արժեքավոր գործընկեր եք, ապա հենց իրենք առաջարկությամբ հանդես կգան, սակայն դուք օգտվեք դրանից միայն այն դեպքում, եթե իրոք դրա կարիքն ունեք։ Վստահության պաշարը երբեք անտեղի մի վատնեք։ Ճգնաժամի հաղթահարումը հնարավոր կլինի, եթե բիզնեսի մասնակիցները ուս-ուսի տված գործեն այն գիտակցումով, որ գործընկերոջ խնդիրը նաեւ ինչ-որ չափով իրենցն է եւ չի կարելի անտարբեր լինել։ Այս ճգնաժամը եւս մեկ անգամ լավ դաս է հասկանալու համար, որ նման իրավիճակում լավագույն արժեք ունեցող ակտիվներից է ընկերության հեղինակությունը եւ այն վստահության պաշարը, որը տարիների աշխատանքով է վաստակել։ Մյուս կողմից էլ իշխանությունները պարտավոր են հասկանալ, որ դրանք ոչ միայն բիզնեսի, այլեւ Հայաստանի ողջ տնտեսական համակարգի խնդիրներն են, որոնք պետք է համատեղ լուծել։
Անձնակազմի հետ կապված, ընկերությունը պետք է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկի աշխատողներին առավելագույնս պահպանելու համար։ Ղեկավարությունը պետք է բանակցություններ վարի անձնակազմի հետ աշխատավարձերի չափը միջինում 20%-30% նվազեցնելու հարցում, ինչն իհարկե չի վերաբերվում նվազագույն կամ սահմանային ցածր աշխատավարձ ստացողներին։ Ինչպես ընկերությունը պետք է պատրաստ լինի վնասով աշխատելուն, այնպես էլ աշխատակիցները պետք է ճիշտ գնահատեն, որ ավելի լավ է որոշ ժամանակ նվազագույն եկամուտով բավարարվել, քան ընդհանրապես աշխատանքը կորցնել։ Այս ճգնաժամը բոլորին է վերաբերվում, այդ թվում նաեւ պետական համակարգում աշխատողներին, եւ պարադոքսալ է, որ նման իրավիճակում պետական պաշտոնյաներին պարգեւավճարներ են տրվում, հատկապես նրանց, ովքեր իշխանության են եկել ժողովրդին ծառայելու խոստումով։
Աշխատակիցների մասով մյուս միջոցները՝ չօգտագործված վճարովի արձակուրդները տրամադրելն է, ինչպես նաեւ խիստ անհրաժեշտության դեպքում, որոշ աշխատակիցների հետ համաձայնություն ձեռք բերելով, մինչեւ երեք ամսով անվճար արձակուրդ ուղարկելն է։ Կարեւորը, որ նրանք պահպանեն իրենց աշխատատեղը եւ վստահ լինեն, որ վերադառնալու տեղ ունեն։
Այս խմբի աշխատակիցները, որոնք այլ եկամուտի աղբյուր չունեն, պետք է պետության հոգածության ներքո լինեն եւ ապահովվեն նվազագույն կենսաապահովման միջոցներով։ Իսկ այն աշխատակիցների մասով, որոնց գործատուն հարկադիր պարապուրդի է ուղարկում պետության սահմանափակումների պատճառով, ապա ճիշտ կլինի պետությունը փոխհատուցի դրա հետ կապված օրենքով պարտադրվող վճարվելիք 2/3 աշխատավարձի կեսը, ինչպես նաեւ այդ աշխատակիցների առաջին վճարովի արձակուրդը լիովին ազատի հարկերից։ Բացի դա, այն ընկերությունների նկատմամբ (բացառությամբ այն ոլորտների ընկերությունների, որոնց վրա ճգնաժամը ազդեցություն չի ունեցել), որոնք կկարողանան 2020թ-ին պահպանել աշխատակիցներին 95+%-ով եւ աշխատավարձերը 85+%-ով, ինչպես նաեւ պահպանել մինչ ճգնաժամային եկամուտների մակարդակը, կիրառել «ավելին ավելիի դիմաց» բանաձեւը։
Օրինակ՝ տրամադրել լրացուցիչ անտոկոս կարճաժամկետ վարկ մինչեւ 2022թ-ի ավարտը, 2019թ շահութահարկի հաշվարկային գումարի չափով։ Արժե նաեւ 2020-2021թթ․ ժամանակահատվածում կրճատել տոնական եւ հանգստի օրերը։
Կարեւոր է նաեւ, որ խոշոր ընկերությունները առիթից օգտվելով չկլանեն փոքրերին, եթե դա բնական գործընթաց չէ եւ լավագույն լուծում։ Այս հարցում ճիշտ կլինի, որ ճգնաժամի ամբողջ ժամանակաշրջանում, փոքր ընկերությունների միաձուլման, բաժնեմասերի օտարման, լուծարման կամ համանման այլ գործարքները դառնան Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրության առարկա։
Հաջորդ միջոցառումը, թերեւս նաեւ ամենապահանջվածը, դա արտադրական ծախսերի, կորուստների եւ խոտանի կրճատումն է։ Հայրենական ընկերություններից նույնիսկ առաջատարները չիրացված մեծ պոտենցիալ ունեն արտադրական ծախսերը կրճատելու հարցում եւ շատ դեպքերում, արտաքին շուկայում նրանց անմրցունակ լինելը դրանով է պայմանավորված։
Արդյունավետ միջոցառում է նաեւ պաշարների կառավարման ընթացակարգի վերանայումը։ Ազատվեք այն ակտիվներից, որոնք ձեզ այս պահին եւ մոտ ապագայում պետք չեն գալու։ Վաճառեք դրանք նույնիսկ ինքնարժեքից ցածր գնով։ Ավելացրեք ներկրվող հումքի եւ նյութերի պաշարները, դիտարկեք դրանք տեղական արտադրանքով փոխարինելու հնարավորությունը։
Ոչ պակաս կարեւոր նշանակություն ունի անձնակազմին պարբերաբար իրազեկելը, թե ինչ միջոցառումներ է ձեռնարկում ղեկավարությունը, ինչ է ակնկալվում դրանց իրագործման արդյունքում եւ որքանով են դրանք իրականացվել։ Նման գործելաոճը մոտիվացիա է անձնակազմի համար։
Ընձեռնված հնարավորությունները
Միգուցե զարմանալի թվա, բայց տնտեսական ճգնաժամը հարմար պահ է կապիտալ գնումների համար։ Պետք է պարզապես հաշվարկ կատարել եւ հասկանալ, թե դա ձեզ ինչ է տալու։ Բերեմ մի օրինակ իրական պրակտիկայից։ Նախքան 2008թ գլոբալ տնտեսական ճգնաժամի սկսվելը, ընկերությունը պատրաստել էր նոր արտադրական հզորություններ գործարկելու ծրագիր։ Հոսքային գծերի եւ սարքավորումների մատակարարները եվրոպական առաջատար արտադրողներն էին, որոնք պատվերն ընդունում էին բացառապես կանխավճարով, ընդ որում միջինում 6 ամիս առաջ։ Ծրագրի ֆինանսավորումը հաստատվել էր, սակայն դեռ պայմանագիր չէր կնքվել։ Երբ գլոբալ տնտեսական ճգնաժամը սկսվեց, սարքավորումների բազմաթիվ գնորդներ սկսեցին հրաժարվել իրենց պայմանագրերից եւ այդ նույն եվրոպական առաջատար արտադրողները առաջարկություն արեցին սկզբնական արժեքի նախնականը՝ 75%-ի, իսկ վերջնականը՝ գրեթե 60%-ի չափով, ընդ որում առանց կանխավճարի եւ 6 ամիս սպասելու։
Այնպես որ երկարաժամկետ ծրագրերի մասով համաշխարհային գլոբալ տնտեսական ճգնաժամերը կարող են բացառիկ հնարավորություն ստեղծել զարգացման համար։ Այս հարցում պետությունը մասնավորին կարող է աջակցել հետեւյալ կերպ՝ այն ընկերություններին, որոնք ներդրումներ կիրականացնեն համաշխարհային ճանաչում ունեցող առաջադեմ տեխնոլոգիաները ներկրելու գործում, ազատել ներկրման բոլոր տեսակի մաքսային վճարներից կամ սուբսիդավորել դրանց գծով ծախսը, ինչպես նաեւ դրանցով թողարկված արտադրանքի արտահանումից ստացված շահույթը 5 տարի ժամկետով ամբողջությամբ ազատել շահութահարկի վճարումից։
Նկատի ունեցեք, որ գլոբալ ճգնաժամերի ժամանակ արտաքին շուկաներում մեծ վերադասավորումներ են լինում։ Պետք է ուշադիր հետեւել եւ ձեր արտադրանքը կարող է պահանջված լինել ու այնպիսի հեշտությամբ նոր շուկա մտնել, որը նախկինում ձեզ հասանելի չէր։ Իշխանությունները պետք է լինեն պրոակտիվ, նաեւ օգտագործեն իրենց հնարավորությունները ԵԱՏՄ-ում եւ այլ կառույցներում հայկական ապրանքների արտահանման հովանավորչության համար, իսկ Հայաստանի ներսում նախատեսեն «կանաչ միջանցք»՝ սկսած հարկումից եւ վերջացրած լոգիստիկայով պետության վրա վերցնելով ծախսերի մի մասը։ Կիսատ-պռատ միջոցներն ինքնախաբեություն են, եւ եթե պետությունը հիմա բիզնեսին իրական օգնություն չցուցաբերի, ապա որոշ ժամանակ անց ավելի բարձր գին կվճարի։ Կամ գործընկեր պետություն, կամ «տեր» որը երբեմն փող է տալիս։
Հուսով ենք, որ այն ընկերությունները, որոնք պարտադրված դադարեցրել են գործունեությունը, կկարողանան համավարակի պայմաններում արտադրական գործունեությունը վերակազմակերպելու ընթացակարգ սահմանել, որում խստագույնս հաշվի կառնվեն ժամանակին համապատասխան սանիտարական պահանջները եւ կպարունակեն գործուն մեխանիզմներ այդ պահանջների կատարումը ապահովելու համար։ Միաժամանակ հարակավոր է պլանավորել գործունեության վերսկսումը, ստանձնել պարտավորություններ եւ դիմել կառավարությանը՝ գործունեությունը վերսկսելու թույլտվություն ստանալու համար։ Տնտեսական կյանքը պետք է շարունակվի։ Կատարեք լրացուցիչ ծախսեր եւ հիմնավորեք պատկան մարմիններին, որ կարող եք հնարավորինս անվտանգ աշխատել։ Ոչինչ, որ եկամուտները կնվազեն, կարեւոր է՝ չկտրվեն։ Եկամուտների նվազելը ժամանակավոր է։ Հույս մի դրեք այն բանի վրա, որ պետությունը կարող է կամ պարտավոր է ձեզ եւ ձեր աշխատակիցներին պահել։ Պետության միջոցները սահմանափակ են, առավել եւս երբ հիմա հարկերի հավաքագրումը նվազում է, իսկ ծախսերը ավելանում են։