կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-10 17:12
Առանց Կատեգորիա

«Մեզ զանգում են և ասում՝ ինչ էլ անեք՝ աշխարհը կործանվելու է». աղանդավոր-«փրկիչների» դավադիր և խուճապային քայլերը

«Մեզ զանգում են և ասում՝ ինչ էլ անեք՝ աշխարհը կործանվելու է». աղանդավոր-«փրկիչների» դավադիր և խուճապային քայլերը

Yerkir.am-ը բազմաթիվ քաղաքացիներից ահազանգ է ստանում, որ այս օրերին անծանոթ համարներից իրենց են զանգում անծանոթ մարդիկ և առաջարկում զրուցել առկա ճգնաժամի, աշխարհի մոտալուտ կործանման և փրկության հույսերի մասին։ Կարճ զրույցից հետո քաղաքացիների համար պարզ է դարձել, որ այս մերօրյա «օծյալ փրկիչները» ոչ այլ ոք են, քան հայտնի «Եհովայի վկաներ» կազմակերպության ներկայացուցիչները։ 

Պարզ է՝ երբ մարդիկ այս օրերին փակված են տներում, երբ երկրում և աշխարհում խոսում են  համաշխարհային աղետի մասին, և, պայմանավորված դրանով, մարդկանց մոտ առկա է  հոգեբանական որոշակի ընկճվածություն,  այս իրավիճակը լավագույն պայմաններից մեկն է աղանդների ակտիվացման, նրանց ներկայացուցիչների կողմից նորանոր «հոգիներ որսալու» և մարդկանց մոլորեցնելով իրենց ճանկը գցելու համար։ 

Բնականաբար՝ համաշխարհային այս աղետի օրերին «Եհովայի վկաներ» կրոնական, իրականում՝ աղանդավորական կազմակերպությունը լավագույն պահն է ընտրել մարդկանց հավատացնելու, որ իրենք ապրում են աշխարհի կործանմանը նախորդող ժամանաշրջանում։ Քայքայիչ այդ աղանդի հետևորդներն այժմ կարող են նաև արդարանալ, թե ինչու աշխարհը չի կործանվել իրենց կանխատեսած այլ՝ 1914, 1925 1975 և այլ թվականներին, և դա իբր տեղի է ունենում հիմա։  

Վերջիններս, բնականաբար, արդարանում են, որ իրենք ապօրինի ոչինչ չեն անում և, բոլորի, այդ թվում՝ վարչապետի օրինակով, իրենք էլ են առցանց լծվել գործի և զանգում են քաղաքացիներին։ 

Հետաքրքիր է՝ Պարետը տեղյա՞կ է, որ այս շրջանակներն օրական հազարավոր ընկճված և առկա իրավիճակից մտահոգված, հազար ու մի դարդ ու ցավով ապրող քաղաքացիների «ահաբեկում են» աշխարհի կործանմամբ, մոտալուտ ավելի մեծ աղետների գալստյամբ, մարդկանց՝ աշխարհի կործանման նախօրյակին ապրելու իրողությամբ և, որպես փրկության միջոց, առաջարկում «ապավինելը Եհովայի թագավորությանը», ապագայում մտնել իրենց «ակումբներ», այն է՝ «Եհովայի վկաների թագավորության սրահներ» ու «փրկվել»։ 

Այս ամենն արդյո՞ք օրը ցերեկով խուճապի տարածում չէ։ Թե՞ եհովականներն իրավունք ունեն շահարկել մարդկանց սոցիալ-հոգեբանական ծանրագույն այս օրերը և իրենց քայքայիչ և ազգակործան գործունեության շրջանակներում վերջիններիս սարսափեցնել մութ, խորհրդավոր, ազգային ուղեգծից շեղող ու չափազանց վտանգավոր զանգերով և զրույցներով։ 

Ի վերջո՝ համաճարակի այս օրերին, երբ մարդիկ նաև կարիք ունեն հոգեբանական աջակցության, երբ շատ արվեստագետներ, երգիչներ ու մտավորականներ տարբեր միջոցներով փորձում են մարդկանց ոգեշնչել, ապագայի հանդեպ հույս, հավատ ներշնչել, միթե՞ իրավունք ունեն քայքայիչ աղանդների ներկայացուցիչները զանգել հազարավոր քաղաքացիների և վարվել ճիշտ հակառակ կերպով, այն է՝ մարդկանց սարսափեցնել, մարդկանց հավատացնել՝ ասելով, որ ինչ էլ անեք՝ միևնույն է, աշխարհը կործանվելու է։ Միթե՞ աղանդավորների այս քայլերը դավաճանություն չեն Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների հանդեպ, միթե՞ այս գործողությունները կտրուկ հակասության մեջ չեն մտնում ՀՀ կառավարության և պարետատան՝ այս օրերին իրականացվող միջոցառումների հետ։ 

Արդյո՞ք ժամանակը չէ աղանդավորների այս գործելաոճը համարել ազգային անվտանգության խնդիր, գոնե այս օրերին իսպառ արգելել վերջիններիս գործունեությունը՝  ակհայտորեն խուճապ առաջացնող այս քայլերը համարելով քրեորեն պատժելի արարք, իսկ ապագայում քննարկել որոշների գործունեությունը ՀՀ տարածքում իսպառ արգելելու խնդիրը։ 

Վ. Սարգսյան