կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-08 23:19
Տնտեսական

Նախարարությունն ամփոփել է թոքերի օդափոխման սարքերի վերաբերյալ առաջարկները

Նախարարությունն  ամփոփել է թոքերի օդափոխման սարքերի վերաբերյալ առաջարկները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն  ամփոփել է մարտի 29-ին հայտարարած՝ Նոր Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման գործընթացը։

Ինչպես Yerkir.am-ին հայտնում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից՝ ընդհանուր առմամբ՝ նախարարությունը ստացել է 280 հայտ, որոնցից 230-ն արդեն ամփոփվել և մշակվել են։

Մշակված հայտերի 10%-ը՝ 23 հայտ, վերաբերում է անսարք վիճակում գտնվող համակարգերի նվիրաբերությանը: 

Արդեն հավաքագրվել են 10 նման սարքեր, որոնք «Ինժեներական քաղաքի» մասնագետների  շնորհիվ ստանում են երկրորդ կյանք և ամբողջապես պատրաստ են օգտագործման: 

Ներկայացված գաղափարների 17%-ը՝ 40 հայտ, Հայաստանի արտադրական գործարանների, ինժեներական կայացած ընկերությունների, համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների կողմից է։ Նրանք  պատրաստակամություն են հայտնել ներգրավվելու թոքերի օդափոխման սարքերի նախագծման և թեստավորման, լաբորատոր փորձարկումների, պահեստամասերի, դետալների, ֆորմաների և բաղադրիչների արտադրության գործում, ինչը հնարավորություն կտա սեղմ ժամկետներում ստանալու անհրաժեշտ այն բաղադրիչներն և դետալները, որոնք նախկինում պետք է ներկրվեին այլ երկրներից:  

Առաջարկների 16%-ը՝ 37 հայտ, ստացվել են հայ ինժեներներից՝ ռադիոինժեներներից մինչև նանոէլեկտորնիկայի մասնագետներ։ Նրանք պատրաստ են իրենց մասնագիտական գիտելիքները ներդնել բժշկական սարքավորումների ուսումնասիրման, նախագծման, սարքերի վերանորոգման և դետալների արդիականացման գործում, անհրաժեշտության դեպքում՝ ստեղծել ինժեներական խմբեր կամ միանալ արդեն առկա նախագծող և արտադրական  խմբերին՝ աջակցելով ինժեներական լուծումների, նախագծման և արտադրության գործում: 

Ստացած առաջարկների 58%-ը վերաբերում է միջազգային փորձի ուսումնասիրությանը, միջազգային ստանդարտներին համապատասխանող նախագծերի ներկայացմանը, նորագույն սարքավորումների և ընկերությունների ներկայիս իրավիճակին:  

Հայաստանի տեխնոլոգիական 10 ընկերությունների կողմից էլ ստացվել են ծրագիր-առաջարկներ՝ թոքերի օդափոխման սարքերի, ստերիլիզացիոն և շնչառական ապարատների, օզոնատորների և ուլտրամանուշակագույն պաշտպանիչ շերտերի արտադրություն սկսելու վերաբերյալ: 

Իրենց աջակցությունն են առաջարկել նաև մեր հայրենակիցները  Լիբանանից, Ռուսաստանից, Գերմանիայից ԱՄՆ-ից։  Անհրաժեշտության դեպքում նրանք պատրաստ են օգնություն տրամադրել հայ ինժեներներին՝ ստանալու միջազգային փորձի նմուշներ, մասնագիտական խորհրդատվություններ, հնարավորության դեպքում՝ նաև սարքերի դետալների տեխնիկական նկարագրերի հստակեցում: