Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբան Նորայր Նորիկյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուշադրությամբ հետևեցի վարչապետ Ն. Փաշինյանի ֆեյսբուքյան հարց ու պատասխանին:
Դեռևս հնարավորություն կունենամ առավել մանրամասն անդրադառնալու նրա արտահայտած մի շարք դիրքորոշումներին, սակայն, իմ խորին համոզմամբ, մեզանից յուրաքանչյուրը պետության ղեկավարից մշտապես ակնկալում է լսել Հայաստանի ապագայի վերաբերյալ կառավարության ռազմավարական ծրագրերի, համարձակ ու մեգանախագծերի մասին, որոնք կփոխեն մեր հանրային կյանքը և որակապես զարգացման այլ հուն կտեղափոխեն մեր տնտեսական կյանքը:
Առհասարակ, ես Նիկոլ Փաշինյանից պետության ղեկավարի և պետական գործչի ելույթ եմ ակնկալում, ով հանգամանորեն կվերլուծի իր իշխանության ուժեղ և թույլ կողմերը, ով ազնվորեն կպատճառաբանի իր կառավարության կողմից հրապարակված և դեռևս իրականություն չդարձած ծրագրերի ոդիսականի, ինչպես նաև օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառների մասին:
Ես ակնկալում եմ, որ իմ պետության ղեկավարը հանրության հետ խոսելուց հանդես գա ծրագրային ելույթով, ցույց տա Հայաստանի զարգացման տեսլականը, ունենա հավակնոտ ու համարձակ ծրագրեր՝ երկրի կյանքում իրական ԲԵԿՈՒՄ մտցնելու համար...
Մնում եմ այն համոզմանը, որ մեր սերունդը երազում է այնպիսի Հայաստանի մասին, որտեղ ապրելը կլինի անվտանգ ու բարեկեցիկ, որտեղ յուրաքանչյուր ոք ի վիճակի կլինի հոգալ սեփական ընտանիքի հոգսը և լինել իրապես երջանիկ:
Մենք մեր երկրի նկատմամբ ճիշտ վերաբերվելու խնդիր ունենք, մեր հնարավորություններն իրատեսորեն գնահատելու և դրանք արդյունավետ օգտագործելու խնդիր ունենք:
Մենք հարուստ ռեսուրսներ չունենք: Ո՛չ նավթ ունենք, ո՛չ գազ, ո՛չ ծով ունենք, ո՛չ էլ զարգացած ենթակառուցվածքներ:
Ուստի պարտավոր ենք միայն ու միայն աշխատանքով գտնել այն պատուհանը, զարգացման այն հունը, որը կապահովի մեր երազանքի Հայաստանի կառուցմանը: