Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Նպատակ ունեմ մնալու մեր Արցախում եւ իմ հնարավորությունների շրջանում օգտակար լինել մեր ժողովրդին ու հայրենիքին՝ ըստ Yerkir.am-ի ասաց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ համապետական ընտրություններում քվեարկությունից հետո:
Ընտրությունները, անգամ համավարակի պայմաններում, չհետաձգելու մասին հարցին նա պատասխանեց, որ անցկացրել են բազմաթիվ քննարկումներ և եկել համոզման, որ ունեն բոլոր նախադրյալները Սահմանադրության պահանջներին համապատասխան ընտրությունները կազմակերպելու համար:
«Բացառվում է, որ մենք դիմենք այնպիսի որոշումների, գործողությունների, որոնց հետևանքով կվտանգվի Արցախի քաղաքացիների առողջությունն ու անվտանգությունը: Ինչպես գիտեք, այս պահի դրությամբ չի գրանցվել կորոնավիրուսի դեպք Արցախում: Մեր միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում մենք մշտական դիտարկում ենք անցկացնում: Այդ որոշումը եղել է գիտակցված եւ հիմնավորված»:
Հանուն ինչի՞ է քվեարկել՝ հարցին Բակո Սահակյանը պատասխանել է․ «Համապետական ընտրություններն ընկալում եմ որպես իրադարձություն: Այս տարիների ընթացքում կայացած բոլոր ընտրությունները նպաստել են մեր երկրի անվտանգության աստիճանի էլ ավելի բարձրացմանը, տնտեսության զարգացմանը և կյանքի շարունակությունն էլ ավելի հաստատակամ դարձնելուն»:
Արցախը, նրա համոզմամբ, հայ ժողովրդի համար ունի յուրահատուկ պատկանելություն և դա արտահայտվում է նրանով, որ Արցախը հավասարաչափ պատկանում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցներին։
«Այս երկար տարիների ընթացքում մենք զբաղված էինք արցախցիների բարեկեցության աստիճանը բարձրացնելով, ֆիզիկական անվտանգությունն ապահովելով: Գիտակցել ենք, որ իրականացնում ենք հատուկ առաքելություն, այն է՝ հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելը, և շատ ուրախ եմ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ ժողովուրդը գիտակցում է դրա նշանակությունը և իր կարողությունների շրջանակում արել է և այսուհետ ևս կանի ամեն ինչ հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելու համար: Այս ընտրությունները յուրահատուկ հնարավորություն են՝ ապագայում այդ առաքելությունն ավելի արդյունավետ կատարելու, և ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է»,- ասել է Բակո Սահակյանը:
Նա երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերում այդ հաջողությունները արձանագրելու գործում:
«Ունեցել ենք բացեր և չլուծված խնդիրներ, և ես ավելի քան համոզված եմ, որ հաջորդ իշխանությունը ցուցաբերելու է այդ անհրաժեշտ վերաբերմունքը և լուծումներ է տալու բոլոր հարցերին՝ ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ մեր երկրի համար»,- ասել է Արցախի Հանարաօետության նախագահը:
Նշենք, որ Արցախի Հանրապետությունում այսօր՝ մարտի 31-ին, նախագահական և խորհրդարանական ընտրություններ են: Դրանք անցկացվում են 8 տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով 7 շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում: Ընտրությունները դիտարկելու նպատակով Արցախ է մեկնել Հայաստանի ԱԺ պատվիրակությունը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: Ըստ Արցախի ոստիկանության տվյալների՝ ընտրողների թիվը 103 հազար 663 է:
Մանրամասն՝ տեսանյութում․