կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-17 20:37
Արցախ

Արցախում ընտրություններն անցել են բավականին ժողովրդավար, մրցակցային մթնոլորտում. Արարատ Միրզոյան

Արցախում ընտրություններն անցել են բավականին ժողովրդավար, մրցակցային մթնոլորտում. Արարատ Միրզոյան

«Արցախի Հանրապետությունում կայացած ընտրությունները, Հայաստանի Հանրապետությունում նախորդ տարիներին կայացած ընտրությունների հետ համեմատած, պետք է փաստենք, և միշտ է արձանագրվել, որ անցել են բավականին ժողովրդավար, մրցակցային մթնոլորտում»,- այս մասին դեկտեմբերի 17-ին կայացած ԱՀ ԱԺ և ՀՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ պատախասնելով «Ապառաժ»-ի հարցին:

«Այնուհանդերձ մենք չենք կարող բացառել, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների հետ կապված ընկալումը, մշակույթն իր ազդեցությունն է ունեցել նաև արցախյան ընտրությունների վրա: Մեր երկու հանրապետությունները այնպիսի տեսանելի և անտեսանելի կապերով են իրար փոխկապակցված, որ մի տեղ առկա որևէ մշակույթ, անպայման իր ազդեցությունն ունենում է մյուս տեղում, եթե ոչ ամբողջությամբ կրկօրինակվում, ապա ազդեցություն առնվազն ունենում է»,- ասել է Արարատ Միրզոյանը: Նա ավելացրել է, որ ընտրությունները չեն կարող, չպիտի և երբեք այլևս հայկական միջավայրում երբեք չեն կեղծվելու, որովհետև կեղծված ընտրությունների, ընտրությունների վրա ապօրինի ազդեցություններ գործելը ծնում է արատավոր զանազան երևույթների մի ամբողջ շղթա, որի էջը պետք է համարել փակված:

«Այո, Արցախի Հանրապետությունում  ընտրությունները համեմատաբար ազատ են եղել: Բայց խոսքն այս տարբերակման մասին չէ, մենք որպես ազգ, որպես հանրույթ պետք է հասկանանք, որ զարգացման այլ աստիճանի վրա կարող ենք կանգնել, եթե որդեգրենք ավելի ժողովրդավար խաղի կանոններ, համակեցության նորմեր»,- նշել է Արարատ Միրզոյանը: