Մանկավարժ-հոգեբան Վարսենիկ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Այս ամբողջ տեղեկատվական հոսքի մեջ կարևոր, շա՜տ կարևոր մի թեմա է ստվերվում, որը պիտի ուղղակի վերցնել ու ճպացնել բոլոր նրանց ճակատին, ովքեր մեզ՝ «բարբարոս վայրենիներիս» խաղաղության ու խաղաղ համակեցության կոչեր են անում: Հա՛, չեմ մոռանում հիշատակել նաև «Երեխաների իրավունքների պաշտպաններին», ովքեր հիմա, այո՛, հենց հիմա, պիտի աղաղակեն այս թեման՝ առանց դադարի:
14 տարեկան վիրավոր երեխա ունենք...Այս օրերին...պատկերացնու՞մ եք...Համամարդկային այս դժբախտության օրերին, երբ ամբողջ աշխարհը փոխօգնության, ապրումակցման ու սոլիդարության դրսևորումներ է ցուցաբերում իրար նկատմամբ, գազանը մնում է գազան: Ու մեզ անվերջ կոչ են անում խաղաղասիրության: Այո՛, խաղաղասեր եմ, քանի դեռ իմ անվտանգությանը չեն սպառնացել, իսկ երբ դա վերաբերվում է նաև երեխային, ես գազան եմ՝ ինքնապաշտպանական իր բնազդով:
Հ.Գ. Մինչև հիմա Արցախում մահացած երեխայի մահը կոկորդիս է, չեմ կարողանում հաշտվել ոչ մի կերպ...Հիմա էլ այս երեխան...երեխան է...
Հ.Գ.Խաղաղ մնա՛ք գազանի հետ մի վանդակում, մեզ «անհանդուրժող ու վայրի» համարող խաղաղասերներ»։
Հիշեցնենք՝ երեկ հակառակորդը գնդակոծել էր Տավուշի մարզի Կոթի գյուղը, ավելի վաղ նաև
Բաղանիս և Ոսկեւան գյուղերը, վիրավորվել էր 14 տարեկան երեխա։ Միաժամանակ՝ 19:00-ի սահմանում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: