Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով COVID-19 անհայտ տեսակի կորոնավիրուսին ու ՀՀ-ում դրա տարածման ընթացքին. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Պանդեմիայի ճիրաններում կաթվածահար աշխարհը կորոնավիրոսի վակցինա է փնտրում: Մակրոնը՝ համաճարակին նվիրված իր ուղերձում խոստովանում է, որ Ֆրանսիայի զարգացման մոդելը վերանայելու, սոցիալական երկրի նոր ուղենիշերի անհրաժեշտություն կա:
Իսկ Հայաստանում՝ ինչպես Հայաստանում. ներքին թշնամի են փնտրում:
Հեղափոխությունից երկու տարի անց, երկիրն իրական վտանգների ու ռիսկերի առջև թողած՝ իշխանությունը թշնամիներ է նշանակում, մարդկային որսով զբազվում՝ զբաղեցնելով իրենց ու հասարակությանը:
Հասկանալի է, երբ չգիտեն ինչ անել և ինչպես, հակահերոսներ են կերտում, սնվում ու ոգևորվում այդ «չարիքի» էներգիայով, հասարակությանն ահաբեկում ժողովրդի թշնամու կերպարով: Այս ամենը միայն տխուր չէ, այս ամենը հյուծիչ է, վտանգավոր…
Հայաստանի բոլոր քաղաքացիներին սիրող, «Հայաստանն իմ օջախն ու ընտանիքն է» կարգախոսով երկիրը ողողած վարչապետը շարունակում է ատելության խոսքով պառակտել հասարակությունը:
«Ջերմուկի սառը ձյուներում դուրսպրծուկներին թավալվելու և հովանալու» խորհուրդ տվող, իսկ նախկինների դիվանագիտությունը «կոշիկ լիզողների և օտարերկրացիների կոշիկները համտեսողների» հետ համեմատող վարչապետի լեզվամտածողությանը Ֆ. Կաֆկան կնախանձեր: Բայց սա գրականություն չէ, այսպիսին է ՀՀ ամենօրյա կյանքն ու պաշտոնական խոսքը…
Եվ բնական է. այս փիլիսոփայության մեջ լիովին տեղավորվում են փողոցներում հայտնված հեղափոխության պահապանները՝ ռազմական հանդերձանքով ու չեկիստի ատելության դեմքով երիտասարդների ջոկատը, որ հանուն հեղափոխական արժեքների զբաղված է դատաստանով և ինքնիրավչությամբ:
Սա ի՞նչ է՝ «անծագում ու բիրտ, անդեմք, անանուն»…, թե՞ հրահանգ, ինքնագործունեություն, հանրապետության բարոյահոգեբանական մթնոլորտի ծնունդ, պատերազմ սեփական ժողովրդի ու պետության դեմ, գուցե՝ ֆաշի՞զմ…
Այս ամենը հարվածի տակ է դնում պետականությունը, այս ամենը շտապ, անհետաձգելի քաղաքական և իրավական գնահատական է պահանջում:
Մեր ամենաաներևակայական մղձավանջներում դժվար էր այսպիսի իրականություն պատկերացնելը…
Հ.Գ. Սիրո մասին ավելի շատ խոսում են սիրո պակաս ունեցողները»:
Հիշեցնենք՝ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: Համավարակ (պանդեմիա) են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում:
Հիշեցնենք՝ Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 6 դեպք կա. առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, 29 տարեկան է եւ ժամանել է Իրանից։ Նա իրեն լավ է զգում եւ ոչ մի գանգատ չունի։ Կրկնակի թեստավորումից հետո նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից։
Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Բոլոր երեքը գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։
Երեկ և այսօր պարզ դարձավ ևս 4 կորոնավիրուսակրի առկայության մասին: Այսպիսով վարակված անձանց թիվը հասավ 8-ի: