Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մատենադարանի տնօրինությունը չի տրամադրում արհմիությանը բյուջեի եւ պարգեւավճարների ցանկը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Մատենադարանի աշխատողների արհմիությունը. հայտնում է Yerkir.am-ը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Մատենադարանի տնօրինությունը մերժել է արհմիության դիմումները՝ տրամադրելու Մատենադարանի բյուջեի եւ արտաբյուջեի չափը, ինչպես նաեւ 2019 թ. տարեվերջյան պարգեւավճարներից (35.067.500 դրամ) զատ բաշխված 22.005.500 դրամ պարգեւավճարներ ստացած աշխատակիցների ցանկը եւ պարգեւավճաների չափը՝ պնդելով, որ Մատենադարանի արհմիությունը չի կարող հանդես գալ որպես աշխատողների ներկայացուցիչ:
Հայտարարում ենք, որ սա ուղղակի ճնշում եւ խոչընդոտ է արհմիության գործունեությանը: Մատենադարանի բյուջեն չի կարող փակ գաղտնի տեղեկություն լինել, այն ենթակա է հրապարակման: Ինստիտուտի բյուջեի չափի մասին տեղեկություն ստանալը եւ դրա շրջանակներում իր աշխատանքային կարիքներից բխող առաջարկներ անելը Մատենադարանի յուրաքանչյուր աշխատողի անքակտելի իրավունքն է: Աշխատողները իրավունք ունեն ստանալ նաեւ 2019 թ. պարգեւավճարների բաշխման մասին տեղեկություն: Պարգեւատրման թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը կարեւորագույն նախապայման են աշխատավայրում արդարության մթնոլորտ ապահովելու համար:
Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի հոդված 6.1-ի՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը։
Հոդված 7.3.1-ով՝ եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ (կամ) օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա տեղեկատվություն տնօրինողը տարին առնվազն մեկ անգամ հրապարակում է իր բյուջեն:
ՀՀ ԱՕ հոդված 25-ի համաձայն՝ աշխատողների ներկայացուցիչներն իրավունք ունեն` սույն օրենսգրքով սահմանված կարգով գործատուից ստանալու տեղեկատվություն, գործատուին ներկայացնելու առաջարկություններ աշխատանքի կազմակերպման վերաբերյալ, կազմակերպությունում վարելու կոլեկտիվ բանակցություններ, կնքելու կոլեկտիվ պայմանագրեր, իրականացնելու դրանց կատարման հսկողությունը, աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ կազմակերպությունում իրականացնելու ոչ պետական վերահսկողություն, կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերին հակասող կամ աշխատողների ներկայացուցչի իրավունքները խախտող գործատուի եւ նրա լիազորած անձանց որոշումները եւ գործողությունները բողոքարկելու դատական կարգով, կազմակերպությունում մասնակցելու աշխատանքային ծրագրերի մշակմանը եւ դրանց կենսագործմանը, գործատուին ներկայացնելու առաջարկություններ` աշխատողների աշխատանքի եւ հանգստի պայմանների բարելավման, նոր տեխնիկայի ներդրման, աշխատանքի թեթեւացման, աշխատանքի վարձատրության չափի եւ կարգի վերաբերյալ:
ԱՕ հոդված 26-ի համաձայն՝ գործատուն պարտավոր է`
1) հարգել աշխատողների ներկայացուցիչների իրավունքները եւ չխոչընդոտել նրանց գործունեությանը: Աշխատողների ներկայացուցչի գործունեությունը չի կարող դադարեցվել գործատուի ցանկությամբ.
2) խորհրդակցել աշխատողների ներկայացուցիչների հետ աշխատողների իրավական վիճակի վրա ազդող որոշումներ ընդունելիս, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ստանալ նրանց համաձայնությունը»։