կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-12 10:19
Առանց Կատեգորիա

Կորոնավիրուսով հիվանդներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ. Նա մեկուսացված է. Դիանա Գասպարյան

Կորոնավիրուսով հիվանդներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ. Նա մեկուսացված է. Դիանա Գասպարյան

Կորոնավիրուսով հիվանդներից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ, նա մեկուսացված է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ էջմիածնեցիներ,

Համացանցում տարածվել է տեղեկատվություն, թե իբր երեկ արձանագրված կորոնավիրուսով հիվանդներից 3-ն էլ Էջմիածնից են, մինչդեռ նրանցից միայն մեկն է Էջմիածնի բնակիչ: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:

Պացիենտը մեկուսացված է. պարզվում է նրա հետ շփված անձանց հնարավոր շրջանակը:

Մշտապես կապի մեջ եմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ եւ հարկ եղած դեպքում կտրամադրեմ լրացուցիչ տեղեկատվություն:

Խնդրում եմ չմատնվել խուճապի, պարզապես պահպանել անվտանգության ու հիգիենայի կանոնները»:

Նշենք, որ ավելի վաղ բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Մոտ 1 ժամ առաջ լրագրող Վաչիկ Գրիգորյանը ուղիղ եթերով հայտնեց, որ Էջմիածին քաղաքում #կորոնավիրուսի ևս մեկ կասկածելի դեպք է հայտնաբերվել և ՀՎԿԱԿ-ի Էջմիածնի բաժնի աշխատակիցները ոստիկանության և Շտապ Օգնության ծառայության ուղելցությամբ այցելել են այդ կնոջ տուն, որտեղ իրականացրել են «անհրաժեշտ աշխատանքներ»:

Ես փորձեցի ճշտել իմ աղբյուրներից և ինձ փոխանցեցին հետևյալ տեղեկատվությունը` Էջմիածնում, հարսանիքի ընթացքում երեք անձի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի կապակցությամբ եղել է «Շտապ Օգնության» կանչ: Հետազոտության ընթացքում 3 անձի մոտ էլ հայտնաբերվել է #կորոնավիրուս: Այդ անձանց մեկուսացրել են, իսկ միջոցառման մնացած մասնակիցների մեկուսացման հարցը դեռ որոշված չէ:

Հ.Գ. հարգելի պաշտոնյաներ, եթե նույնիսկ ձախողել եք` մի խաբեք»:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 12-ի ժամը 10.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 126.254 դեպք, որից 4.637-ը՝ մահվան, և 68.266-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 4 դեպք կա. առաջին պացիենտը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, 29 տարեկան է եւ ժամանել է Իրանից։ Նա իրեն լավ է զգում եւ ոչ մի գանգատ չունի։ Կրկնակի թեստավորումից հետո նրան կարող են դուրս գրել հիվանդանոցից։

Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 եւ 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Իտալիայի քաղաքացին եւ ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Բոլոր երեքը գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել էր.

«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Այն գնահատականին ենք եկել, որ COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»:

Նշենք՝ համավարակ են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում: