կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-11 22:41
Քաղաքական

«Ոչ»-ի հայտարարությունը՝ կուրթանցի անապահով ընտանիքին խոստացված օգնության մասին

«Ոչ»-ի հայտարարությունը՝ կուրթանցի անապահով ընտանիքին խոստացված օգնության մասին

«Ոչ» քարոզչության կողմը հայտարարություն է տարածել կուրթանցի Մեխակ Առաքելյանի ընտանիքին «Այո» քարոզչական կողմի խոստացած օգնության վերաբերյալ՝ նշելով, որ հանրաքվեին ընդառաջ՝ քարոզարշավի փուլում, հրապարակայնորեն նման գործողություններ իրականացնելը անհամատեղելի է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասի 1-ին կետի պահանջներին։

Հայտարարությունն ամբողջությամբ, ստորև.

«Այսօր առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Այո» քարոզչության կողմի անդամ Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որում նշել էր, որ պատրաստվում է այցելել Կուրթան գյուղի բնակիչ Մեխակ Առաքելյանին, և որ «լավ լուր ունի [Մ.Առաքելյանի] համար»։ Վերջինս օրեր առաջ հանրությանը հայտնի դարձավ մեծ հնչեղություն ստացած միջադեպի կապակցությամբ։

Արդեն այսօր պատգամավորն այցելել է Մեխակ Առաքելյանի կացարան և նշել, որ իր հետ կապվել են տարբեր քաղաքացիներ, ովքեր պատրաստակամություն են հայտնել օգնել սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող Մ.Առաքելյանի ընտանիքին, և ինքը հենց այդ քաղաքացիների խնդրանքով է այցելել նրան։ Պատգամավորը ավելացրել է, որ եթե քաղաքացիներին հետաքրքրի, ինքը հանրաքվեից հետո ավելի «մանրամասն կներկայացնի ամեն ինչ»։

Հատուկ կարևորելով հարցի բարոյական կողմը՝ մենք շատ ուրախալի ենք համարում, որ Մ.Առաքելյանի ընտանիքին օգնություն է տրամադրվելու։

Սակայն հանրաքվեին ընդառաջ՝ քարոզարշավի փուլում, հրապարակայնորեն նման գործողություններ իրականացնելը, մասնավորապես՝ անապահով ընտանիքին աջակցություն ցուցաբերելու հարցում հանրության առջև սեփական դերակատարությունն ի ցույց դնելը ակնհայտորեն անհամատեղելի է «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասի 1-ին կետի պահանջներին։

Հավատացնում ենք, որ մենք որևէ կերպ չէինք արձագանքի, եթե պարզվեր, որ օգնությունը փաստացի տրամադրվել է, սակայն «առանց ֆեյսբուքի և տեսախցիկների»։ Ավելին, դա կդիտեինք որպես մարդասիրական և արդարացի քայլ։

Բայց ընտրված ձևաչափը փաստորեն վերածվեց անազնիվ քարոզչական հնարքի, որին չարձագանքել չենք կարող։

Միևնույն ժամանակ, «Ոչ» քարոզչության կողմը հայտարարում է, որ կոնկրետ այս միջադեպը չենք ներառելու քարոզչության ընթացքի վերաբերյալ՝ մեր կողմից մշակվող հանրային զեկույցում և չենք բարձրաձայնելու միջազգային գործընկերների առջև»։