Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, ՀՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:
Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրք՝ թողնելով զինամթերք եւ ականորսիչ սարք: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների արդյունքում թեթեւ վիրավորում է ստացել մեկ զինծառայող:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի հյուսիսային սահմանի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումները խիստ հաճախակիացել են, դրանց շարունակությունն էլ դարձել է երեկվա դիվերսիոն փորձը: Բայց հետաքրքիր է, որ Իլհամ Ալիեւին «կիրթ» համարողՆիկոլ Փաշինյանի իշխանության որեւէ ներկայացուցիչ այս միջադեպերի վերաբերյալ ոչինչ չի խոսում:
Չեն հնչում դատապարտող հայտարարություններ ոչ միայն Ադրբեջանի հասցեին, այլ նաեւ առ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն՝ ՀԱՊԿ, որի անդամ է Հայաստանը, եւ որը պայմանագրային պարտավորություններ ունի՝ անդամ երկրների տարածքի դեմ ոտնձգությունների դեպքում ձեռնարկել համարժեք գործողություններ:
ՀԱՊԿ-ն, սակայն, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր Հայաստանի տարածքի դեմ կատարված ոտնձգությունները դատապարտող հայտարարություն անգամ չի անում: Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ նախկին իշխանությունների ժամանակաշրջանում այսօրվա իշխանական նախկին ընդդիմադիրները մեղադրում էին իշխանություններին այն բանում, որ ՀԱՊԿ-ն չի կատարում իր պարտավորությունները:
Այսօր, սակայն, ՀԱՊԿ-ին որեւէ մեկը չի մեղադրում ու ՀԱՊԿ-ից Հայաստանի որեւէ իշխանավոր ոչինչ չի պահանջում: Որովհետեւ մեղադրել ՀԱՊԿ-ին, նշանակում է անուղղակիորեն մեղադրել առաջին հերթին Ռուսաստանին, որի հետ հարաբերությունների հարցում այդքան քնքույշ ու դողդոջուն զգացմունքներ ունեն Հայաստանի նոր իշխանությունները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում