կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-05 15:03
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԿՄ անելիքը նոր ժամանակներում պետք է դառնա հաղթանակի ոգին յուրաքանչյուր հայի ներշնչելը․ Փաշինյան

ԵԿՄ-ն միակ կազմակերպությունը չէ, որ ներդրում ունի հաղթանակի կերտման գործում, բայց, ակնհայտորեն, ամենամեծ ներդրում ունեցող կառույցներից է և նոր ժամանակներում նրա անելիքը պետք է լինի այդ հաղթանակի սեփականատեր դարձնելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, նույնիսկ նրանց, ովքեր այն ժամանակ դեռ ծնված էլ չեն եղել․ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով այցելելով Երկրապահ կամավորականների միություն։

Փաշինյանը շնորհավորեց բոլորին Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-րդ տարեդարձի առիթով։

«ԵԿՄ-ն Վազգեն Սարգսյանի գործունեության ամենաերևելի արտահայտություններից մեկն է ոչ միայն և ոչ այնքան ֆիզիկական, որքան բովանդակային խորության իմաստով»,-ասաց նա։

Վազգեն Սարգսյանի գործունեությունն, ասաց, որպես ազատամարտի կազմակերպիչներից մեկը և որպես հայոց ժամանակակից բանակի հիմնադիր, այսքան բարձր ենք գանահատում, քանի որ դա արտահայտությունն էր այն հավատի, որ մարդը կարող էր ունենալ իր նկատմամբ՝ փոխելու սեփական ժողովրդի ապագան։

«Այդ հավատը 1990-ականների սկզբին հենց Վազգեն Սարգսյանի մեջ է ծնվել, վարակել բազում այլ հայրենակիցների և տեղի է ունեցել ազատամարտի հաղթանակը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա գնահատմամբ՝ ռազմի դաշտում տարած լայնամասշտաբ հաղթանակի նման հաղթանակներ չենք ունեցել այլ բնագավառներում ևս՝ տնտեսության, կրթության, արտաքին քաղաքականության, օրինականության բնագավառում․ «Մինչդեռ այդ փառահեղ հաղթանակը ամրացնելու, հավերժացնելու միակ ճանապարհը դա է, որ այդ մասշտաբային ռազմական հաղթանակին հաջորդեր նույնպիսի մասշտաբային հաղթանակներ այլ ոլորտներում։ Եթե դա լիներ, քննարկման առարկա չէր լինի՝ կկարողնա՞նք մեր շահերին համապատասխան լուծել Արցախի հարցը, ՀՀ քաղաքացու համար ո՞րտեղ է ավելի նախընտրելի ապրել ՀՀ-ո՞ւմ, թե՞ արտասահմանում, ընդհանրապես այսպիսի հարցեր չէինք քննարկի»։

Փաշինյանը նկատեց, որ սա չի ասում, որ մարդիկ հուսահատվեն, այլ որ վերադառնանք մեր օրակարգին՝ արձանագրելով, որ ռազմական հաջողությունները կկորսվեն, եթե դրանք չամրապնդենք այլ ոլորտներում հաղթանակներով։

Նիկոլ Փաշինյանի տեսանկյունից ԵԿՄ դերը պետք է լինի մեր ժողովրդի և ԶՈՒ հաղթական ոգու պահպանումը և զարգացումը։

Նա հիշեց բարձրաստիճան մի զինվորականի խոսքը, որ կանոնավոր բանակը պատերազմներ չի հաղթում, այն իր վրա վերցնում է առաջին հարվածը և դիմակայում, իսկ պատերազմի հետագա ընթացքը կախված է նրանից, թե ինչպես է իրեն դրսևորում թիկունքը․ «Եվ ես կարծում եմ, որ ԵԿՄ-ն պետք է դառնա մեր ԶՈւ ամենաօպերատիվ ռեզերվը իբրև բովանդակային, հոգևոր արտահայտություն»։

ԵԿՄ-ն պետք է լինի մեր հաղթանակների պահապանը՝ ասաց Փաշինյանը։

«Հաղթանակը չի կարող սեփականաշնորհվել կազմակերպությունների, անհատների, ջոկատների, ազատամարտիկների կողմից․ ազատամարտիկի մեծությունը դրա մեջ է, որ այդ հաղթանակը իր անձի համար չի տարել, այլ իր ժողվորդի համար։ Սա է «ազատամարտիկ» հասկացության կոչման մեծությունը․ դա չի տարվել, որ ուրիշների «աչքը մտցվի», այլ որ յուրաքանչյուր հայ իրեն զգա արժանապատիվ, պաշտպանված»,-հավելեց նա։

Մյուս կողմից նա ընդունեց, որ ազատամարտիկը պետք է իրեն գնահատված զգա։ 

Մանրամասն՝ տեսանյութում․