կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-04 20:22
Աշխարհ

«Պուտինը կարող է ասել Էրդողանին՝ եթե հիմար չես, դադարեցրու այս ամենը». փորձագիտական կարծիք՝ Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ

«Պուտինը կարող է ասել Էրդողանին՝  եթե հիմար չես, դադարեցրու այս ամենը». փորձագիտական կարծիք՝ Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ

Թուրքիային ոչ ոք չի սիրում, քանի որ  Էրդողանը վարում է բացարձակապես անխոհեմ քաղաքականություն. ըստ Yerkir.am-ի՝ Pravda.ru-ի հետ զրույցում ասել է  Աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ռուսաստանյան ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Անոխինը:

«Թուրքական ուժերի սերտաճումը ահաբեկչական կազմակերպությունների հետ, որպես այդպիսին, միջազգային հարաբերությունների, Սոչիի և այլ պայմանավորվածությունների տապալում է: Նպատակը Մերձավոր Արևելքում թուրքական խալիֆայություն ստեղծելն է»,- ասել է նա:

Ըստ Անոխինի՝ նման գործողությունները հանգեցնում են արևմտյան աշխարհում Թուրքիայի հեղինակության անկմանը: «Այնտեղ հիանալի են հասկանում, որ Էրդողանն ավելի շատ վախենում է իր՝ թուրքական բանակից, քան բոլոր մնացած բանակներից, հատկապես՝ չհաջողված հեղաշրջումից հետո»,- նշել է փորձագետը:

Նրա խոսքով՝ Եվրոպան «տանել չի կարող» Էրդողանին, որովհետև նա փախստականներով շանտաժ է անում և ահաբեկիչներին ուղարկում Լիբիա:

Անոխինը նաև նշել է, որ Ռուսաստանը բավական «տխմար վիճակում է հայտնվել»՝ «Թուրքական հոսքի» պատճառով, քանի որ «խողովակով կապվել է Թուրքիայի հետ» և ստիպված է «վատ խաղի պայմաններում լավ տրամադրություն ցուցադրել»:

Փորձագետի կարծիքով՝ Պուտինի և Էրդողանի հանդիպումից հետո էլ պատերազմը, այսպես, թե այնպես, կշարունակվի:

«Եթե գնահատենք Թուրքիայի պահվածքը Սիրիայում և Լիբիայում, ապա միակ բանը, որ Պուտինը կարող է ասել Էրդողանին՝ լսի՛ր, եթե հիմար չես, դադարեցրու այն ամենը, ինչ այնտեղ անում ես»,- ասել է Վլադիմիր Անոխինը՝ հավելելով, որ, իր կարծիքով, ի վերջո, թուրքերը «պոչները կքաշեն», իրենց դիրքորոշման  փոփոխության մասին քաղաքական հայտարարություններ կանեն, սակայն նրանց արդեն հավատացող չի լինի: