կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-26 11:39
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ․ Սուրեն Պապիկյան

Խնդրում եմ ինձ չհամեմատել Հովիկ Աբրահամ,յանի հետ, որևէ համեմատության եզր չեմ տեսնում, բացի զբաղեցրած պաշտոնից՝ըստ Yerkir.am-ի, ասաց «Այո»-ի շտաբի ղեկավար,  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը՝ արձագանքելով ՀՀԿ նախընտրական շտաբները սովորաբար ղեկավարող Հովիկ Աբրահամյանի գործելաոճի հետ իրենց իրականացրած դրամահավաքը համեմատելու մասին հարցին։

Հանրաքվեի անցկացման համար թույլատրելի 100 միլիոն դրամի փոխարեն՝ Դվին հյուրանոցում  200 միլիոն դրամ հավաքելու և դրամի ավելացած մասի հետ վարվելու մասին Սուրեն Պապիկյանն ասաց, որ դա ուղղվելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարիքներին, քանի որ հենց կուսակցությունն է դրամահավաքի հրավերի հեղինակը։

«Կուսակցությունը որևէ կերպ դրամահավաքի որևէ մասնակից նվիրատուի նկատմամաբ որևէ սխալ բան չի արել։ Հրավերի մեջ նշվել է, որ նպատակը կուսակցության ընթացիկ կարիքներն են, այդ թվում՝ հանրաքվեն։ Եթե դրամահավաքը կազմակերպած լիներ «Այո»-ի քարոզչական խումբը, հարց կառաջանար՝ ի՞նչ են անելու կանխիկ գումարի մնացած մասը, որը հանրաքվեի 100 միլիոն դրամը կգերազանցի։ Այնտեղ եղել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության հաշվեհամար, որին մարդիկ նվիրատվություն են կատարել, այստեղ իրավական կամ բարոյական խնդիր չկա»,-ասաց Պապիկյանը։

Ինչո՞ւ դիմեցին հենց այս՝ մարդկանցից դրամ կորզելու միջոցին՝ Պապիկյանը պատասխանում է․ «Մեր կուսակցությունը դարձել է իշխող կուսակցություն։ Եթե մենք իշխող կուսակցություն ենք, հրաժարվե՞նք նախկին սկզբունքներից և գումար ստանանք անհատ օլիգարխների՞ց, թե՞ հանրային լայն աջակցությամբ գումար հավաքենք․ բնականաբար մենք ընտրում ենք լայն հանրային աջակցությունը»։

«Այո»-ի քարոզչական լոգոն արդեն ընտրել են 3 տարբերակից՝ Սուրեն Պապիկյանի թիկունքում ասուլիսի ժամանակ հենց այդ՝ ընտրված լոգոն է։ Մյուս երկու լոգոները լինելու են հանրության սեփականությունը․ ով ցանկանա, կարող է վերցնել և կիրառել։

Ակտիվ քարոզչությունը կմեկնարկի մարտի 2-ից և կշարունակվի մինչև ապրիլի 3-ը։ Կմասնակցեն իմքայլական պատգամավորները, որոնք մարզերում, որտեղից ընտրվել են, կիրականացնեն քարոզչություն։ Սուրեն Պապիկյանն այժմ արձակուրդում է, հաջորդ շաբաթ Վրաստան է գնալու, հետ արձակուրդը շարունակելու է։ Նիկոլ Փաշինյանը ևս, եթե անհրաժեշտ լինի,  արձակուրդ կվերցնի։

Անդրադառնալով իրենց կողմից տրվելիք ցուցումներին, Պապիկյանն ասաց, որ որևէ մեկը թող իշխանությանը արջի ծառայություն չմատուցի ՝գյուղապետ, քաղաքապետ, թե թաղի հեղինակություն․ «Եթե որևէ մեկը հաճոյանալու համար, կամ թե ինքը կարծում է՝ այդպես ավելի ճիշտ է, որևէ հակաօրինական քայլ անի, թող իմանա, որ ինքը հավասար է օրենքի առաջ և պատժվելու է բոլորի նման․ ցուցումը հստակ է՝ բոլորը գործում են իրենց լիազորությունների շրջանակում։ Սա այն պրոցեսն է, որ չեմ կարծում՝ նմանատիպ ռիսկեր պարունակում է։ Ես իրավապահներին խնդրում եմ՝ նմանատիպ դեպքերի արձանագրման պարագայում պատրաստ լինել խնդիրը վեր հանել և խստագույնս պատժել յուրաքանչյուրին»։

Քարոզչության ընթացքում կենաց-մահու պայքարի մեջ մտնել չեն պատրաստվում․ եթե «Այո»-ի հաղթանակի համար 650 000 քվե է անհրաժեշտ, ակնկալում են, որ կստանան։

Մանրամասն՝ տեսանյութում․