կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-22 12:24
Քաղաքական

«Ոչ»–ի շտաբը ՀՀ երկրորդ նախագահի հետ որևէ կապ չունի. Լևոն Քոչարյան

«Ոչ»–ի շտաբը ՀՀ երկրորդ նախագահի հետ որևէ կապ չունի. Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը, «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին:

Ըստ նրա՝ գործող իշխանությունը սկզբում փորձեց համոզել ՍԴ դատավորներին, որ հրաժարական ներկայացնեն, և դա սկսվեց ինչ–որ պահից, որովհետև սկզբում խնդիր չկար, բայց հետո դատավորների նկատմամբ ճնշումներն ակտիվացան:

«Տեսնելով, որ նրանք չեն համաձայնում, իրենց ուզածը չեն անում, դիմեցին նման քայլի, որն ինքին աբսուրդ է` հետ գնալ և անցումային դրույթ փոխել, որը սպառված է, այսինքն` արդեն աշխատել է։ Իշխանությունը սկսել է հակաօրինական, հակաիրավական գործընթաց, որի միակ նպատակը ՍԴ–ում սեփական մարդկանց ունենալն է, որպեսզի հետագայում ցանկացած որոշում կարողանան այնտեղ անցկացնել, հետևաբար ոչ մի կերպ չենք մասնակցում այդ գործընթացին»,– ասել է Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով` փորձ է արվում իրավաբաններից ձևավորված «Ոչ»–ի նախաձեռնող խմբին կապել Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն նման բան իրականում չկա, և «Ոչ»–ի շտաբը ՀՀ երկրորդ նախագահի հետ որևէ կապ չունի։

«Ավելին, եթե նայեք «Ոչ»–ի ցուցակի առաջին տասնյակին, այնտեղ կտեսնեք իրավաբանների, որոնք նախկինում եղել են հենց Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիրների դատապաշտպանները», նշել է ՀՀ երկրորդ նախագահի որդին։

Նրա հավաստմամբ` իրենք որևէ մասնակցություն չունեն այդ ամենին։