Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է գերատեսչության՝ 1988թ. իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունը:
Yerkir.am-ը ներկայացնում է հայտարարության տեքստն ամբողջությամբ.
«32 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհուրդը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ առաջարկելով դիտարկել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը։
Այս պատմական որոշումը սկիզբ դրեց արցախահայության ազգային-ազատագրական պայքարի նոր փուլին՝ Ղարաբաղյան շարժմանը։ Այն իրապես ժողովրդավարական շարժում էր, որը պայքար էր՝ հանուն քաղաքացիական իրավունքների, ազգային ինքնության, տնտեսական իրավահավասարության և արժանապատիվ կյանքի։ Ղարաբաղյան շարժումը ամենասկզբից էլ խաղաղ բնույթ էր կրում և մարմնավորում էր Արցախի ժողովրդի ձգտումը՝ առկա իրավական մեխանիզմների հիման վրա իրացնելու իր ինքնորոշման անքակտելի իրավունքը։
Ի պատասխան արցախահայության օրինական պահանջին` Բաքուն հրաժարվեց քաղաքական երկխոսությունից և Ադրբեջանական ԽՍՀ հայկական բնակչության նկատմամբ կազմակերպեց արյունալի ոճրագործություններ։ Փորձելով բռնության միջոցով ահաբեկել արցախցիներին՝ ադրբեջանական իշխանությունները ձեռնամուխ եղան Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի հայաշատ այլ քաղաքներում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի բնակավայրերում էթնիկ զտումների իրականացմանը, որոնք հետագայում վերաճեցին Արցախի խաղաղ բնակչության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծմանը
Արցախահայությունը, սակայն, միավորվեց և կարողացավ իրեն պարտադրված պատերազմում պաշտպանել իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը և ստեղծել անկախ պետականություն՝ Արցախի Հանրապետությունը՝ թիկունքում ունենալով համայն հայության աջակցությունը։
Այսօր Արցախը հաստատակամորեն շարժվում է իր ընտրած ուղով՝ հետևողականորեն զարգացնելով ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետականությունը՝ որպես իր ժողովրդի ազատության և անվտանգության կարևորագույն երաշխիք»։
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր 1988 թ. այս օրը՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու և Հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց վճռի մասին, ինչով էլ փաստացի սկիզբ առավ Արցախյան շարժումը: