կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-29 21:49
Քաղաքական

Հայաստանը հաստատակամորեն հանձնառու է խաղաղության մշակույթի առաջմղմանը. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը հաստատակամորեն հանձնառու է խաղաղության մշակույթի առաջմղմանը. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Քաղաքակրությունների դաշինքի Բերակամների խմբի նախարարական հանդիպմանը:

«Բարձր ներկայացուցիչ,

Հարգարժան գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Միանում եմ նախորդ ելույթ ունեցողներին և շնորհակալություն հայտնում այս հանդիպումը կազմակերպելու համար: Բարի ավանդույթ է դարձել օգտագործել Գլխավոր ասամբլեան՝ ամփոփելու Քաղաքակրությունների դաշինքի կողմից հռչակված նպատակների առաջմղմանը միտված գործունեությունը. նպատակների, որոնք ուղղված են սոցիալապես ներառական հասարակությամբ, ժողովուրդների միջև հարգանքով՝ անկախ էթնիկ ու կրոնական պատկանելությունից, և հանդուրժողականությամբ խաղաղ մոլորակ ունենալուն:

Այս տարվա ապրիլ ամսին հայ ժողովուրդը միավորվել էր ոչ բռնի ժողովրդական շարժման շուրջ՝ պահանջելով ժողովրդավարական կառավարում և մերժելով արդարադատության և օրենքի գերակայության խաթարման բացասական երևույթները: Հայաստանում քաղաքական փոփոխությունների խաղաղ բնույթն ի ցույց դրեց մեր հասարակական և քաղաքական կյանքի և իրավագիտակցության մակարդակի հասունությունը: Չնայած հայկական թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին և տեղական բնույթ ուներ, նոր կառավարությունն իր գործունեության հենց առաջին օրվանից հայտարարեց իր հավատարմությունը նույն խաղաղ և ոչ բռնի մոտեցումներին ոչ միայն ներքին քաղաքականության մեջ, այլ նաև՝ արտաքին հարաբերություններում:

Հայաստանը հաստատակամորեն հանձնառու է խաղաղության մշակույթի առաջմղմանը հակամարտություններով լի մեր տարածաշրջանում: Կամուրջներ կառուցելը հեշտ է, երբ կա երկկողմ կամք. մեծագույն մարտահրավեր է կամուրջներ կառուցելն այնտեղ, որտեղ առկա է վստահության և փոխադարձության պակաս: Խաղաղության նկատմամբ իրական հավատարմության մասին կարող է վկայել կամուրջներ կառուցելու հանձնառությունը՝ հանուն հակամարտությունների պատճառով բաժանված ժողովուրդների միջև վստահության վերականգնման՝ այդ կերպ նպաստելով դրանց կարգավորմանը:

Տիկնայք և պարոնայք,

Խաղաղության մշակույթի վերաբերյալ հռչակագրում և գործողությունների ծրագրում արտացոլված գաղափարները, սկզբունքերը և նպատակները, ինչպես նաև Հայաստանի կողմից համահեղինակված ՄԱԿ ԳԱ 72/137 բանաձևը, հիմնարար նշանակություն ունեն բռնությամբ ուղեկցվող հակամարտությունների սկզբնաղբյուրներին անդրադառնալու հարցում: Այս համատեքստում Հայաստանն իր ակտիվ ներդումն է բերել միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված ինքնությամբ պայմանավորված խտրականության և բռնության կանխմանը: Ատելությանը, անհանդուրժողականությանը և այլատյացությանը հակազդելը հանդիսացել է Եվրոպայի խորհրդում 2013թ. Հայաստանի նախագահանության հիմնական առաջնահերթություններից մեկը: Անցյալ տարի Հայաստանը, համագործակցելով Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հետ, Երևանում հյուրընկալեց միջազգային համաժողով քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի անդամների դեմ ատելության հողի վրա հանցագործությունների կանխման թեմայով:

Դեկտեմբերի 9-ին Հայաստանը կհյուրընկալի Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումը, որը կենտրոնացած կլինի փափուկ ուժի վրա. կրթության և լրատվամիջոցների դերը ատելության, անհանդուրժողականության և այլատյացության վերացման գործում: Ֆորումին կմասնակցեն ոլորտի աշխարհահռչակ գիտնականներ և փորձագետներ:

Հարգելի գործընկերներ,

Մեր հասարակությունները կամրջելու հիմնական նախապայմաններից է կրթությունը: Որակյալ և նորարարական կրթությունը որոշիչ գործոն է նաև ակտիվ և ստեղծարար երիտասարդության համար: Հայաստանում United World Colleges մաս կազմող Դիլիջանի միջազգային դպրոցն այս առումով վառ օրինակ է: Դպրոցն իր հարկի տակ է առել աշակերտներ ամբողջ աշխարհից և տրամադրում է դրամաշնորհներ, այդ թվում և փախստականներին, ովքեր ճանաչում են մեկմեկու հարգանքի և հանդուրժողականության միջոցով, սովորելով ընդունել բազմազանությունը՝ սկսած դպրոցական տարիներից:

Նորարարական կրթության միջոցով կամուրջներ կառուցելու պատկերավոր օրինակ է Հայաստանի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և Լոռու շրջանի Սմարթ կենտրոնը գյուղաբնակ երիտասարդության համար: Այն մասնաճյուղեր ունի ոչ միայն Երևանում, այլ նաև այլ քաղաքներում, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, որտեղ հարյուրավոր երեխաներ հնարավորություն ունեն սովորել և ինքնադրսևորվել: ԹՈՒՄՈ-ն ընդլայնել է իր ցանցը նաև դեպի Ֆրանսիա, Լիբանան և Ալբանիա՝ միավորելավ տարբեր երկրների երիտասարդությանը նորարարական և ստեղծագործ գաղափարների շուրջ:

Հարգելի գործընկերներ,

Հայաստանը պատիվ ունի հաջորդ ամիս Երևանում հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովը և առաջարկել է “Vivre Ensemble” կարգախոսը - “Ապրել միասին համերաշխությամբ, կիսելով համամարդկային արժեքները և հարգանքը բազմազանության նկատմամբ”: Գագաթաժողովի ամփոփիչ փաստաթուղթը նպատակ ունի ամրագրել հավաքական հանձնառությունը ամրապնդել համերաշխությունը, համագործակցությունը և միջմշակութային երկխոսությունը՝ նպաստելու մեր հասարակությունների համախմբվածությանը հանուն խաղաղության, բարեկեցության և կայունության»: