կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-13 12:33
Աշխարհ

Բրիտանիայի թագուհին վաճառում է Մոսկվայի իր բնակարանը

Բրիտանիայի թագուհին վաճառում է Մոսկվայի իր բնակարանը

Ըստ շրջանառվող լուրերի՝ Մոսկվայի անշարժ գույքի ամենամեծ գործակալություններից մեկը նախապատրաստվում է խոշորագույն գործարքի՝ բնակարանի վաճառք, որը պաշտոնապես պատկանում է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին հայտնում է The Moscow Times-ը:

Նշվում է, որ Բրիտանիայի թագուհին Ռուսաստանի մայրաքաղաքում չորս բնակարան ունի, որոնցից ամենամեծի մակերեսը կազմում է 320 քառակուսի մետր։ Բայց և այնպես թագուհին դեռևս դրանից պատրաստ չէ հրաժարվել. վաճառքի է հանվել 250 քառակուսի մակերեսով բնակարանը, որը գտնվում է Հիսուս Փրկչի տաճարից ոչ հեռու։

Էլիտար անշարժ գույքի վաճառքի պատճառն ու ենթադրյալ գործարքի գումարն առայժմ հայտնի չէ։ Անշարժ գույքի քաղաքային գործակալները կարողացել են միայն մոտավորապես գնահատել թագավորական անշարժ գույքի հնարավոր արժեքը։

«Այդ բնակարաններում մեկ մետրի արժեքը տատանվում է միլիոնից մինչև մեկուկես մլն-ի սահմանում։ Այդ բնակարանների շարքում երկհարկանիները կան։ Դրանց արժեքն արդեն մեկ մետրի համար հասնում է երկու միլիոնի։ Ընդ որում, վաճառքի է հանվել հենց «մեկ հարկանի» բնակարան»,- անշարժ գույքի գործակալ Կոնստանտին Նոսովի խոսքերը մեջբերել է 7days.ru-ն։

Հավելվում է, որ Եղիսաբեթ Երկրորդը վերջին անգամ Ռուսաստանում եղել է 26 տարի առաջ, բայց Մոսկվա ժամանելու որոշման դեպքում, նա միևնույնն է՝ խնդիրներ չի ունենա. չէ՞ որ բացի այդ նա դեռ 3 բնակարան էլ ունի: