կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-12 14:17
Քաղաքական

«Ե՞րբ է ներողություն խնդրելու Դավիթ Խաժակյանը». Հակոբ Կարապետյան

«Ե՞րբ է ներողություն խնդրելու Դավիթ Խաժակյանը». Հակոբ Կարապետյան

Ե՞րբ է ներողություն խնդրելու Դավիթ Խաժակյանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով տեղադրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հարցազրույցներից մեկը:

Ըստ Yerkir.am-ի՝ նա, մասնավորապես, նշել է. «Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, հարգարժան Դավիթ Խաժակյանը նոյեմբերի 30-ին հրապարակված այս տեսանյութում ասում է, որ եթե դատախազությունը իր տված հաղորդման հիման վրա ապօրինություն չգտնի, ինքը ներողություն կխնդրի:

Հայտնի է, որ ՀՔԾ-ը քննել է Խաժակյանի ներկայացրած հաղորդումը եւ քրեական գործի հարուցումը մերժել է: Իր հերթին դատախազությունը մերժել է ՀՔԾ քննիչի որոշումը բողոքարկելու վերաբերյալ Խաժակյանի դիմումը: Այսպիսով, դատախազությունը, Խաժակյանի բառերով ասած՝ ապացուցել է քաղաքապետի որոշման օրինականությունը:

Կարծում էինք, որ երեկվա ավագանու նիստը լավ առիթ էր՝ կատարելու իր խոստումը եւ ներողություն խնդրելու հանրության առաջ: Պարոն Խաժակյանը, սակայն, չօգտագործեց այն: Ավելին, սովորաբար միշտ ակտիվ ավագանու անդամը բացակայեց նիստի զգալի մասից: Սա կարեւոր է շեշտել նաեւ այն իմաստով, որ պարոն Խաժակյանը իր մեկ այլ հանրային գրառման մեջ խոսք էր տվել փետրվարի 11-ի նիստի ընթացքում փաստեր ներկայացնել Կամազների փոխարեն քաղաքապետարանին «փո՛ղ, փող» նվիրելու մասին արված կեղծ պնդումների վերաբերյալ:

Հուսանք, պարոն Խաժակյանը մոտ ապագայում կանդրադառնա այս հարցին, եւ նրա խոստումները հիշեցնելու անհրաժեշտություն այլեւս չենք ունենա»: