Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամեր առաջ ԱՄՆ Կոնգրեսում ելույթ ունեցավ «Պետության դրության մասին» (State of Union) ամենամյա միջոցառմանը: Իր սկանդալային պահվածքով հայտնի ԱՄՆ նախագահն այս անգամ ևս «չհիասթափեցրեց» քննադատներին: Ավանդական ելույթի ժամանակ Թրամփը բազմիցս խախտել է միջոցառման ավանդույթները:
ԱՄՆ նախագահներն այդ միջոցառմանը ներկայացնում են երկրի ներքաղաքական և միջազգային դրությունը, անելիքներն ու կատարված քայլերը և պարտավոր են հետևել վաղուց ընդունված ավանդական կարգին:
Դրանցից մեկն իրենից ենթադրում է, որ ԱՄՆ նախագահը պետք է իր ելույթի տեքստը հանձնի Սենատի նախագահին (ԱՄՆ փոխնախագահ, հանրապետական Մայք Փենսին) և Ներկայացուցիչների պալատի խոսնակին (դեմոկրատ Նենսի Փելոսիին), որից հետո սեղմում է երկու պալատների ղեկավարների ձեռքը:
Թրամփը հանձնեց ելույթի տեքստը Սենատի երկու պալատների ղեկավարին: Դրանից հետո 80-ամյա Նենսի Փելոսին մեկնեց ձեռքը, սակայն Թրամփն անտեսեց այն: Իր հերթին ամենահարուստ կոնգրեսականներից մեկը համարվող Փելոսին Թրամփին ներկայացնելուց բավարարվեց «Կոնգրեսի անդամնե՛ր, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ» հայտարարությամբ, այնինչ ընդունված է, որ ՆՊ ղեկավարները Կոնգրեսի անդամներին դիմում են «Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել ԱՄՆ նախագահին…» հայտարարությամբ:
Դրանից հետո հանրապետական սենատորները սկսում են վանկարկել «Եվս 4 տարի»՝ նկատի ունենալով նոյեմբերին նախատեսվող նախագահական ընտրությունները:
Փելոսին իր պահվածքը մեկնաբանում է այսպես. «Հաշվի առնելով այլընտրանքները՝ դա ամենաքաղաքավարի պահվածքն էր: Դա անպիտան, զզվելի ճառ էր», - ըստ Yerkir.am-ի՝ հայտարարել էր Փելոսին: Պետք է նաև ընդգծել, որ Փելոսին Թրամփի իմպիչմենտի «գլխավոր ճարտարապետներից» է:
Դեմոկրատ սենատորները նշում են, որ ելույթն ավելի շատ նման էր նախընտրական ճառի և «անընդհատ կրկնվում էր, որ ԱՄՆ-ն ավելի լավն է քան այս, քան այն պետությունը»: