Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքվում հայերի ջարդերի 30-ամյակի կապակցությամբ Իտալիայի Պատգամավորների պալատում ելույթ է ունեցել պատգամավոր Ջուլիո Չենտեմերոն։ «Արմենպրես»-ը ներկայացնում է իտալացի պատգամավորի ելույթը.
«Ուղիղ 30 տարի առաջ՝ 1990թ. հունվարի 13-ից 19-ը, Բաքվում իրականացվեցին այնտեղ բնակվող հայերի կոտորած և տեղահանություն՝ ազգային պատկանելիության հիմքով: Ջարդերը կազմակերպվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից և հովանավորվել՝ տեղի իշխանությունների կողմից:
Չնայած 1988թ. Սումգայիթի իրադարձություններից հետո այդ նախկին խորհրդային հանրապետության տարածքում բնակվող հայերի մեծ մասը որոշել էր լքել իրենց տները, այնուամենայնիվ, 1990թ. սկզբին այնտեղ դեռևս բնակվում էին 35-40 հազար հայեր՝ շատ ավելի քիչ, քան 80-ականների վերջին արձանագրված 300 000 հայ բնակչությունը:
Ջարդերի զոհերի ստույգ թիվը հնարավոր չի եղել հաշվել, որովհետև տեղի իշխանությունները փորձում էին կոծկել փաստերը: Ըստ որոշ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների` բռնությունների զոհ է դարձել ավելի քան 450 մարդ: Հազարավոր բնակիչներ կորցրել են իրենց ողջ գույքը, որոշ ականատեսների վկայությամբ այդ բռնարարքների զոհ են դարձել նաև բազմաթիվ հրեաներ, ռուսներ և այլ ազգերի ներկայացուցիչներ միայն այն պատճառով, որ արտաքնապես նման են եղել հայերի: Ջարդերից փրկվածները, որպես փախստականներ, ապաստանել են աշխարհի տարբեր երկրներում՝ համալրելով սփյուռքը:
Պատմության ընթացքում Բաքվում հայերի ջարդեր են տեղի ունեցել առնվազն 3 անգամ՝ 1905, 1918, 1990 թթ.: Եվրոպական խորհրդարանը 1988, 1990 և 1991թթ. ընդունած բանաձևերով դատապարտել է հայերի նկատմամբ իրականացված ջարդերը: Ջարդերը և դրանց հետևանքները 2002թ. արձանագրել է ԱՄՆ փախստականների հարցերով հանձնաժողովի նախագահ Բիլ Ֆրելիքը: 1990 թ. հուլիսի 27-ին «New York Times»-ում բաց նամակ է հրապարակվել՝ ուղղված միջազգային հանրությանը, որը ստորագրվել էր Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի 133 նշանավոր գիտնականների և իրավապաշտպանների կողմից, ովքեր բողոքի ձայն էին բարձրացնում Բաքվում հայերի սպանությունների ու ջարդերի դեմ:
Նշված հանցագործությունները, ինչպես նաև պատմության մյուս բոլոր հանցագործություններն անհրաժեշտ է հիշել և երբևէ չթաքցնել որևէ քարոզչության միջոցով, որպեսզի մարդկությունը հիշի դրանց մասին, և նման իրադարձություններն այլևս չկրկնվեն:
Շնորհակալություն, պարոն նախագահ»: