կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-26 14:34
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ-ն ու ՊՆ-ն զրկվեցին սեփական տնտեսումները տնօրինելու իրավունքից․ «մեղավորը» Ոստիկանությունն էր

Հայաստանում անվտանգությունն ապահովող երեք մարմին ունենք՝ ԱԱԾ, ՊՆ, ոստիկանությունը և ի՞նչ տրամաբանությամբ է, որ դրանցից երկուսին հնարավորություն է տրվում առանց կառավարության որոշման գնումների գործընթացի արդյունքում տնտեսված միջոցները բաշխել իրենց կարիքների համար, իսկ մեկը այդ հնարավորությունից զրկված է. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին կառավարության նիստում, ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների որոշման քննարկման ժամանակ  ասաց  Նիկոլ Փաշինյանը:

«Եթե չենք տալիս այդ հնարավորությունը, ասում ենք՝ բոլոր դեպքերում դա կառավարության նիստով է լինում, եկեք երեքին էլ չտանք նման հնարավորություն: Իսկ եթե տալիս ենք, երեքին էլ տանք»,-ասաց վարչապետը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ իրենց տեսակետն այն է, որ երեքին էլ չտրվի նման հնարավորություն, բացառություններ չլինեն: Սրան վարչապետն արձագանքեց. «Եթե համաձայն չեք, ինչո՞ւ եք այդ կարգավորումով բերել: Ես ուզում եմ այդ սուբյեկտիվիզմից դուրս գանք: Ասենք, այդ պահին ով ում հետ ինչ հարաբերություն է ունեցել, ով ումից կամ ինչից է նեղացած, այդ տրամաբանությունից դուրս գանք: Եթե կարելի է՝ կարելի է բոլորին, եթե չի կարելի՝ չի կրելի ոչ մեկին: Ես կարծում եմ՝ բոլոր դեպքերում այդ հարցերը պետք է գան կառավարություն, կառավարությունը որոշում կայացնի: Այդպես պետք է արվի»:

Դիտարկմանը, թե դա քննարկելու համար ժամանակ է պետք, Փաշինյանն ասաց. «Ի՞նչ ժամանակ, մեր կառավարությունում պրակտիկա է եղել, երբ 40-45 րոպեում որոշում է գեներացվել, մտել է կառավարության նիստ, որոշում է ընդունվել, որովհետեւ դրա անհրաժեշտությունը եղել է: Պետք է սկզբունքներ որդեգրել եւ դրանցով աշխատել:

Հիմա մարդիկ նայում են ու մտածում՝ հա, ուրեմն ԱԱԾ տնօրենն ու պաշտպանության նախարարը կարեցել են իրենց հարցը լուծել, ոստիկանապետը չի կարողացել: Ոչ, ոչ մեկն էլ չի կարողացել, երեքին էլ հանում ենք, կառավարությունը կորոշի»: