Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձով է հանդես եկել՝ վերջին օրերին Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաների կապակացությամբ:
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, մեր երկրի ու ժողովրդի ներքին կյանքը վերջին օրերին ուղեկցվում է բուռն ու լարված իրադարձություններով՝ կապված Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրության հետ:
Մեր մտահոգությունն ենք հայտնում ստեղծված իրավիճակի առնչությամբ, որ խաթարում է հանրային բնականոն կյանքի ընթացքը։ Յուրաքանչյուր հայորդի հայրենիքի հանդեպ սիրուց մղված ունի իր տեսլականը, որի վերաբերյալ իր մոտեցումներն ու ընկալումները կարող է արտահայտել օրինական միջոցներով՝ ազատորեն իրացնելով իր քաղաքացիական իրավունքները: Սակայն դա երբեք չի ենթադրում սիրո և ողջամտության նահանջ, այլոց իրավունքների ոտնահարում, առավել ևս՝ մարդկանց կյանքի վտանգում: Մեր ժողովրդի և մեր Սուրբ Եկեղեցու զավակներն են և՛ ցուցարարների, և՛ իրավապահների շարքերում: Անընդունելի և անթույլատրելի են ատելության և թշնամանքի հրահրումը և որևէ տեսակի ընդհարում ու բռնության գործադրում:
Հորդոր ենք ուղղում Մեր ժողովրդի զավակներին` կոչ անելով պահպանելու զգաստությունն ու ողջախոհությունը, հայրենասիրության մեջ օրինահարգությունը և խաղաղության նախանձախնդրությունը՝ ցուցաբերելով միմյանց հանդեպ հարգանք և ներողամտություն: Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելի են սոսկ, երբ առկա է համերաշխություն, փոխհասկացողություն, համընդհանուր պատասխանատվություն և միասնություն: Մեր երկիրն այսօր պահանջն ունի այս ոգու դրսևորման:
Աղոթք ենք բարձրացնում առ Աստված`հայցելով Տիրոջ իմաստությունը և Սուրբ Հոգու առաջնորդությունը մեզ ամենքիս:
«Միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք. և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ» (Բ Կորնթ. 13.11)»: