Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-12-12 15:33
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետական համակարգը՝ հակահեղափոխական

Վարչապետը երկրի տնտեսության մասին տեղեկություն չունի՝ ըստ Yerkir.am-ի ասաց հենց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում։

Ումի՞ց է ի՞նչ պահանջում երկրի վարչապետը: Արդեն 1,5 տարի իշխանական պորտֆելները զբաղեցրածները պնդում են՝ հեղափոխական Հայաստանում առաջընթացն ակնհայտ է: Եվ ահա ձեզ ու բոլորիդ անակնկալ. Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց. «Երկրի տնտեսական իրավիճակի մասին հնարավո՞ր է նորմալ տեղեկատվություն ստանալ էսօր Հայաստանի Հանրապետությունում, հնարավոր չի՛, ես, օրինակ, չեմ կարողանում ինձ անհրաժեշտ տեղեկատվությունը ստանամ»:

Ու այս բառերը հնչում են երկրի առաջին դեմքի շուրթերից այն դեպքում, երբ որոշ ժամանակ առաջ խոսում էր արտագաղթի կանխման, ներգաղթի, աշխատավարձերի բարձրացման, մի շարք այլ բարեփոխումների մասին էլ:

Ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը ստիպված բոթել պետական ապարատի չինովնիկներին  իրենց աշխատանքը անելու համար՝ պաշտոնյաններ, որ «համեստ» աշխատավարձից բացի նույնքան «համեստ» պարգևավճարներ են ստանում:

«Տենց որ ասում ենք ռազմավարություն, հայեցակարգ և այլն, էկեք ըտենց լուրջ դեմքերով ձև չանենք, թե մենք էսօր պետական կառավարման համակարգում ունենք պոտենցիալը էդ ռազմավարությունները մշակելու: Մեկ-մեկ նախարարություններից թղթեր ա գալիս, կարդում ես՝ ասում ես՝ էս ո՞ր դասարանի էրեխա ա գրել»,- ձևակերպումը կառավարության ղեկավարինն է:

Ու եթե վարչապետը նոր է զայրանում կամ զարմանում, ապա «դպրոցականներին» աշխատանքի ընդունելու ու պատասխանատու պաշտոններ նշանակելու մասին արդեն տևական ժամանակ է բարձրաձայնվում է տարբեր հարթակներից. լսողն ո՞վ է: Բայց որ պետական կառավարման համակարգում թեստ անելու անհրաժեշտությունն էլ կա՝ վարչապետ Փաշինյանը հավաստիացրեց. «Մենք էլ մեզ դրել ենք սկզբունքայինի տեղ: Ինչ գիտնականի, ինչ գիտական աստիճանի մարդու մասին խոսում ես, պարզվում ա՝ նրանց շատերի դիսերտացիան կեղծ ա: Էս կեղծիքի միջավայրում ինչքա՞ն ենք կարողանալու ապրենք»:

Այն, որ նոր իշխանությունները դոփում են նույն տեղում, առաջնորդվում են նախորդների գործելաոճով, դրա մասին էլ է շատ, շատ խոսվել․ սա հնարավոր չէ չնկատել ու այդ ամենը Փաշինյանն էլ նկատեց:

«Էս տարվա տնտեսական ցուցանիշները և ընդհանարպես ամեն ինչը արվում է ի հեճուկս պետական կառավարման համակարգի․ ես ուղիղ ասում եմ, որպես ՀՀ վարչապետ: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը էլի տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Որովհետև որոշ ժամանակ անց իրավապահ համակարգին պետք է ասել՝ բա ի՞նչ եղավ, ի՞նչ եղավ, ի՞նչ եղավ»,-տարակուսեց կառավարության ղեկավարը:

Հարցնող չլինի ի՞նչը ի՞նչ եղավ, պարո՛ն վարչապետ, կարծես թե ամեն բան իր հունով գնում էր: Պարզվում է՝ երկրի առաջին դեմքին հետաքրքրում է, թե ո՛վ ցուցմունք չտվեց, ո՛վ փախավ ու պատճառների փնտրտուքի ճանապարհին միշտ էլ արդարացում գտնվում է սեփական ամբիացիաների բավարարման համար:

«էն մեկը ցուցմունք չի տալիս, էն մեկը փախավ, էն մեկը չփախավ, էն մեկը ուզում ա փախնի... Ի հեճուկս... Եվ սա ճշմարտություն ա»,- Փաշինյանի խոսքերն են:

Նա մի կարևոր բացահայտում էլ արեց, արձանագրելով, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում է ու այդ դիմադրությունը Փաշինյանը ջարդելու է, քանի որ այլ տարբերակ չկա:

Ու հեղափոխական հերթական մեմը հրապարակ շպրտվեց. հեղափոխությամբ եկածները՝ հեղափոխությամբ էլ կհեռանան, ջարդարարան արդեն հայտնի է:

Այսօր պարզվեց, որ ժողովուրդը իշխող քաղաքական ուժին ձայն է տվել փոփոխությունների ակնկալիքով, բայց նորերն էլ հին ու հնամաշ կարուսելը նստած անվերջ պտտվում են:

Ի դեպ, Փաշինյանին զայրացրել էր, երբ կառավարության դեկտեմբերի 12-ի նիստում քննարկվում էր Հայաստանում կառուցվելիք արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների հարցը․ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ընդհարվեցին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․