Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նկարիչ Դևիդ Դատունան կերել է Մաուրիցիո Կատելանի` Մայամի Բիչի «Արտ Բազել» ժամանակակից արվեստի ցուցահանդեսում շաբաթ օրը ներկայացված «Կատակերգակ» աշխատանքը: Ցուցանմուշը բանան էր` կպչուն ժապավենով փակցված պատին: Այն մինչև ցուցադրվելը 120 հազար դոլարով վաճառվել էր ժամանակակից արվեստի սիրահար մի ֆրանսիացու. ըստ Yerkir.am-ի` տեղեկացնում է BBC-ն:
Դատունան արվեստի գործի խժռման տեսանյութը հրապարակել է իր «Ինստագրամ»-ում: «Ես հարգում եմ Մաուրիցիոյին, բայց սա «Քաղցած նկարիչ» արտ-պերֆորմանս է»,- ասում է նա` վայելելով բանանը:
Իհարկե, Մաուրիցիո Կատելանի աշխատանքը վերականգնվել է: Ըստ Miami Herald-ի` այն այժմ շրջափակել են ժապավենով և ոստիկանների հսկողությանը հանձնել:
«Բանանը գաղափար է, նա (Դատունան) չի ոչնչացրել արվեստի գործը»,- ասել է Պերոտենի պատկերասրահի ներկայացուցիչ Լյուսիեն Տերան, որն աշխատում է Կատելանի հետ: Ըստ նրա` աշխատանքը կարող է բնօրինակ համարվել, քանի դեռ ունի հավաստագիր: «Այդ բանանն ավելի հաճախ են լուսանկարում, քան «Մոնա Լիզա»-ն»,- հավելել է Տերան:
Մաուրիցիո Կատելանը կատարվածը չի մեկնաբանել:
Դևիդ Դատունան ծնվել է Թբիլիսիում, ԱՄՆ քաղաքացի է` ապրում է Նյու Յորքում: 2011-ին նրա`«Պուտին-Մոնա Լիզա» աշխատանքը Մոսկվայի աճուրդներից մեկում վաճառվել էր 200 հազար դոլարով:
Մաուրիցիո Կատելանի ամենահայտնի աշխատանքը` «Ամերիկա»-ն, գործող ոսկյա զուգարանակոնք է, որն այս տարվա սեպտեմբերին գողացվել է բրիտանական Բլենհեյմ պալատից: