Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դեկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին. Yerkir.am-ին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնից:
Իր բարեմաղթանքները փոխանցելով դեսպանին առաքելության ստանձնման առիթով` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Լիտվայի և Հայաստանի միջև ձևավորված դիվանագիտական հարաբերություններին և սերտ գործակցությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև խոսեց Լիտվայի հայ համայնքի և նրա հոգևոր խնամքի մասին:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը վերհիշեց արցախյան գոյապայքարի սկզբնավորման օրերին հայ ժողովրդին լիտվացիների կողմից ցուցաբերված զորակցությունը:
Դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն ևս անդրադարձ կատարեց երկկողմ հարաբերություններին և դրանց ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին` կարևորելով նաև փորձի փոխանակումը երկու երկրների միջև: Լիտվայի հայ համայնքի առնչությամբ տիկ. Ստանիտե-Տոլոչկիենեն հաստատեց, որ հայերը հարգված քաղաքացիներ են, որ իրենց օգտակար ներդրումն են բերում տարբեր ոլորտներում:
Հանդիպմանը խոսվեց նաև Քույր Եկեղեցիների հետ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու փոխհարաբերությունների մասին:
Վերջում դեսպանն այցելեց Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալով Մայր Աթոռում պահպանվող հոգևոր-մշակութային արժեքներին: