կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-13 16:11
Աշխարհ

Նժդեհի հուշատախտակը ներկելը կարող է ազգամիջյան լարվածության հանգեցնել. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

Նժդեհի հուշատախտակը ներկելը կարող է ազգամիջյան լարվածության հանգեցնել. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը, անդրադառնալով ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում Նժդեհի հուշատախտակը սևով ներկելու միջադեպին, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այդ գործողությունները կարող են լարվածություն առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում:

Արմավիրի քաղաքային Դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու բակում տեղադրված՝ հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:

Դեսպանությունը ռուս պատգամավորի գործողությունները որակել է որպես վանդալիզմի ակտ ՀԱԵ եկեղեցու տարածքում, ինքնիրավչության դրսևորում, ինչը հակասում է օրինականությանը:

«Ընդգծում ենք, որ Արմավիրում կատարվածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող մեր բազում հայրենակիցների շրջանում: Դեսպանատունը սահմանված կարգով կտեղեկացնի ՌԴ համապատասխան մարմիններին՝ Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցած վանդալիզմի մասին:

Կոչ ենք անում Արմավիրի քաղաքային իշխանություններին համապատասխան գնահատական տալ կատարվածին: Տեղի ունեցած միջադեպը լինելու է դեսպանության ուշադրության կենտրոնում», - Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ ասվում է դեսպանության հայտարարության մեջ:

Հիշեցում

ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել էր հայկական եկեղեցու բակում տեղադրված՝ հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի հիշատակը հավերժացնող հուշատախտակը:

Վինոգրադովի պնդմամբ՝  նոյեմբերի 11-ին ապառվել է ժամկետը, որը տրված էր քաղաքային իշխանություններին հուշատախտակն ապամոնտաժելու համար, սակայն ինչ-ինչ պատճառներով դա չեն արել, և պատգամավորը որոշել է «հարցը լուծել սեփական ուժերով»: