կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-06 09:38
Աշխարհ

ԱՄՆ վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձևերին

ԱՄՆ վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող բանաձևերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող և Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին, որոնք անցյալ շաբաթ ընդունվել են Ներկայացուցիչների պալատում: Ըստ վարչակազմի՝ երկու նախաձեռնություններն էլ կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի՝ առանցքային դաշնակցի հետ հարաբերությունների հետագա լարվածությանը. ըստ Yerkir.am-ի՝ գրում է Bloomberg-ը՝ պետքարտուղարության ավագ պաշտոնյաներից մեկին հղումով:

«Վարչակազմը անհանգստացած է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմարշավի պատճառով Ներկայացուցիչների պալատում անցյալ շաբաթ ձայների՝ 403:16 հարաբերակցությամբ ընդունված պատժամիջոցները կկապեն ԱՄՆ-ի ձեռքերը և կսահմանափակեն Թուրքիայի գործողությունների վերաբերյալ ԱՄՆ մտահոգությունները լուծելու հնարավորությունները»,- նշել է պաշտոնյան, որը նախընտրել է անանուն մնալ: Նա նաև հրաժարվել է տեղեկացնել՝ արդյո՞ք նախագահ Թրամփը մտադիր է վետո սահմանել օրինագծի նկատմամբ, թե՞ ոչ:

H.R. 4695 բանաձևով պատժամիջոցներ են սահմանվում թուրք ավագ պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում՝ արգելվում է նրանց մուտքն ԱՄՆ: Բանաձևով արգելվում է նաև ԱՄՆ պաշտպանական տեխնիկայի մատակարարում Թուրքիա՝ Սիրիայում չկիրառելու նպատակով, ինչպես նաև Պենտագոնից և պետդեպարտամենտից պահանջվում է  տվյալների փոխանցում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետագա վերածնունդը կանխելու համար:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, Նյու Յորք քաղաքը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելը քննարկման ընթացքում պարզաբանել էր, որ «Թրամփն Էրդողանի համար կանաչ լույս է վառել Սիրիայի հյուսիսում զինված ներխուժում իրականացնելու համար, ինչը հանգեցրել է սիրիացի քրդերի կոտորածին, որոնք ԱՄՆ-ի հետ պայքարում են ԻՊ-ի դեմ»: Վարչակազմը հերքել է այն միտքը, որ ամերիկյան զորքերը Սիրիայի հյուսիսից դուրս բերելու՝ Թրամփի որոշումն առաջ գնալու ազդանշան է եղել Անկարայի համար:

Նույն օրն ընդունվել է նաև Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, որով ճանաչվեց անցյալ դարասկզբին 1.5 միլիոն հայերի կոտորածը՝ իրագործված Օսմանյան կայսրության կողմից, որի իրավահաջորդը Թուրքիայի Հանրապետությունն է: Փաստին դեմ արտահայտնվելով՝ Էրդողանի կառավարությունը ԱԳՆ էր կանչել ԱՄՆ դեսպանին:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը ժամանակին չի եղել:

Թրամփի վարչակազմը զերծ է մնացել նման նախաձեռնության մասին հայտարարություններ անելուց, թեև նախորդ վարչակազմերը ևս զգուշություն են դրսևորել Ցեղասպանության մասին բանաձևերի հարցում՝ նշելով, որ դա միայն կխանգարի հաշտեցմանը: Թուրքիան տարիներ շարունակ զգուշացրել է, որ նման բանաձևերը կարող են հանգեցնել հարաբերությունների խաթարման:

Պաշտոնյան մանրամասնել է՝ ԱՄՆ-ն իր դիրքորոշումը չի փոխել, և երկիրը սգում է 1.5 մլն հայերի մահը, որոնք արտաքսվել և սպանվել են Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին: «ԱՄՆ-ը ոգեկոչում է Մեծ եղեռնը՝ այն անվանելով 20-րդ դարի վատագույն զանգվածային վայրագություններից մեկը և ողջունում Հայաստանի ու Թուրքիայի ջանքերը՝ առերեսվելու իրենց պատմությանը»,- ասել է նա: