Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,
Իսկ խաղի վերջում քո ճիչն է` ես սպասում եմ քեզ, հայրիկ...
-----------
5-րդ ալիքի եթերում երեկ Ալվարդ Պետրոսյանի հարցազրույցն էի նայում։ Հենց սկզբում, երբ պատմում էր, թե ինչպես են իր հայրիկին որպես «ժողովրդի թշնամի» աքսորել Սիբիր, ասաց, որ ինքն այդ ժամանակ 2,5 տարեկան երեխա էր և հավատում էր, որ հայրը գնացել է Սիբիր՝ իր համար մատանի բերելու։ Այլ պարագաներում, գուցե, շատ ավելի զուսպ վերաբերվեի տիկին Ալվարդի մանկության այդ սպասումին, բայց վերջին օրերի խոհերիս ու հուշերիս ֆոնին այդ պատմությունն իսկապես շատ հուզեց ինձ։ Որովհետև մտքումս ամբողջ օրն Արսեն Բաբայանի զավակներն էին։ Երեկ առավոտյան տեղեկացել էի, որ հատուկ քնչական ծառայությունն արգելել է նրանց տեսակցությունը Արսենի հետ։ Պատկերացնու՞մ եք՝ «հանցագործ» են բռնել, հիմա էլ երեխաներին թույլ չեն տալիս տեսակցել հորը։
Մտքերով 95 թվական վերադարձա։ Այն ժամանակ էլ իմ հայրն էր ձերբակալված։ Ժամանակներն էին այդպիսին՝ Հայաստանի Հանրապետությունում Դաշնակցության հարցերը «լուծելուց» հետո անցել էին Արցախի դաշնակցական ղեկավարներին։ Հայրիկից բացի ազատազրկվել էին նաև ԼՂՀ նախկին ԳԽ երեք այլ անդամներ՝ ԳԽ նախագահի նախկին պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, ԳԽ քարտուղար Վլադիկ Հակոբյանը և պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վալերի Բալայանը։ Ստեփանակերտում ինչ ասես չէին խոսում այդ դեպքերի առթիվ։ Մի օր դպրոցում ավագ դասարանցիներ մոտեցան ու ցինիկ բարձր ծիծաղով, թե բա. «Արա, էտ պապուդ քչլցրա՞լն (քաչալացրել) տյուրմում»։ Ու թեև արդեն գիտեի, որ նման բան չի եղել, բայց հույզերս չկարողացա զսպել։ Բարձր գոռոցով հարձակվեցի նրանց վրա, բայց ինքս էլ հենց ծեծվեցի։ Մեծ էին ու ես մենակ էի։
Հայրս ամեն ինչ արել էր, որպեսզի իր ազատազրկման պատճառով, ինչպես ինքն էր ասում, որդիների «վիզը ծուռ չմնա»։ Մեզ արգելել էր տեսակցել իրեն Ստեփանակերտի «ԻՎՍ»-ում (изолятор временнего содержания): Նամակներում դասերից էր հարցուփորձ անում, հանձնարարում երկու օրը մեկ գետ գնալ՝ լողալու, մարզվել և այլն։ Ոչ մի բառ իր դրության մասին չէր խոսում նաև մայրս։ Երևի՝ իրենք էլ էին ուզում, որ մտածենք, թե «հայրիկը գնացել է Սիբիր՝ մատանի բերելու»։ Բայց մենք արդեն մեծ էինք ու ամեն ինչ լավ հասկանում էինք։
Իսկ Արսեն Բաբայանի որդին դեռ կարող է հավատալ այդ հրաշքին…
Գիտեք, ինձ թվում է, թե հասկանում եմ՝ ինչու՞ են Արսենի քննիչները նման ստոր քայլի դիմել։ Խնդիրը հոգեբանական է։ Ինչպես որ ազգությունը փոխած մարդն է ատելությամբ լցվում իր արմատների դեմ, այնպես էլ արդարության արժեքները դավաճանածն է ինքն իրեն «համոզում», որ ճիշտ ուղու վրա է։ Պատկերացնում եմ, թե քննիչի երևակայության մեջ հիմա ինչ հրեշավոր տեսք ունի Արսեն Բաբայանը։ Երևի նա վախենում է, որ Արսենի հոգին կարող է մտնել իր զավակների մեջ և այնտեղից իշխանություն զավթի Հայաստանում։ Ճիշտ 37թ.-ին հատուկ մտածելակերպ, այնպես չէ՞։
Ու հիմա, երբ գրում եմ այս տողերը, կրկին մտածում եմ Արսեն Բաբայանի երեխաների մասին։ Գիտեմ, որ նրանք կհաղթահարեն այս փորձությունը։ Ինչպես Տիկին Ալվարդը հաղթահարեց։ Ինչպես ես, եղբայրս, քույրս… Բայց ախր հարցն ավելի գլոբալ է։ Բա հետո՞։ Իմ զավա՞կներն են կանգնելու այդ նույն հարցի առջև։ Հետո էլ նրա՞նց զավակները… Պատմության ոլորապտույտի այս սև գիծը վերջը պիտի հաղթահարվի, թե՞ ոչ»: