կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-22 15:50
Քաղաքական

ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու՝ ԼՀԿ օրինագծում արվել է ավելացում

ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու՝ ԼՀԿ օրինագծում արվել է ավելացում

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Ազգային անվտանգության ծառայության  տնօրենի և ոստիկանապետի համար պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջներ սահմանելու վերաբերյալ նախագծում կառավարության առաջարկով արվել են ավելացումներ: Մասնավորապես առաջարկվել է ոստիկանության պետի տեղակալի նշանակման գործընթացը ևս ազատականացնել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների ընթացքում նախագծի վերաբերյալ ստացել են մեկ գրավոր առաջարկ՝ ԲՀԿ-ի կողմից: Դրանով մասնավորապես առաջարկվել է աշխատանքային ստաժի պահանջի ավելացման խնդիրը լուծել: Սակայն Մարուքյանի կարծիքով՝ ըստ էության աշխատանքային ստաժի ավելացման խնդիրն իմաստազուրկ է դարձնում նախագիծը: «Քննարկման ժամանակ մենք մեր մոտեցումը ներկայացրել ենք հանձնաժողովում: Եվ ըստ էության նախագիծը գտնվում է այն վիճակում, որը ներկայացվել էր սկզբում: Ընդունել ենք կառավարության բանավոր առաջարկները, որոնք վերաբերում էին ԱԱԾ-ի և ոստիկանապետի տեղակալներին: Առաջարկվում է դրանց նշանակման գործընթացը ևս ազատականացնել՝ բացի ԱԱԾ պետի տեղակալից, որը հակահետախուզության գործառույթ պետք է իրականացնի, այսինքն՝ այս պարագայում պետք է նշանակվի միայն տվյալ համակարգից»,-ներկայացրեց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ ըստ էության ԱԱԾ և ոստիկանության պետ կարող է նշանակվել ԱԺ պատգամավորի թեկնածուի համար Սահմանադրությամբ նախատեսված չափորոշիչներին համապատասխանող անձը: Նախագծով ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ նշանակվելու համար դրվում է վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի լինելու, Հայաստանում բնակվելու և 25 տարին լրացած լինելու պահանջը: Մարուքյանը նկատեց, որ տարիքի շեմը շահարկումների առիթ էր դարձել: Այնուամենայնիվ նա նշեց, որ պաշտպանության նախարարը ևս նշանակվում է նույն ցենզով, սակայն երբևէ չենք ունեցել 25 տարեկան պաշտպանության նախարար: