կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-17 12:17
Իրավական

ՀՔԾ-ն առգրավել է Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը

ՀՔԾ-ն առգրավել է Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը

Հայաստանի Հատուկ քննչական ծառայության քննիչն այցելել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ առգրավելու Հրայր Թովմասյանի՝ ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը. «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերին հայտնում եմ, որ այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակ է այցելել ՀՔԾ քննիչը՝ առգրավելու համար Հրայր Թովմասյանի ՀՀԿ անդամության կասեցմանը վերաբերող նյութերը»,- գրել է Արմեն Աշոտյանը:

Գրառման մեկնաբանություններում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, Արմեն Աշոտյանը գրել է, որ նյութերը տրամադրվել են:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հաղորդում է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի կապակցությամբ: 

Հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հոկտեմբերի 4-ին Հրայր Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար հանցագործության մասին դիմում է հանձնել դատախազությանը: «Որպես ԱԺ պատգամավոր դիմում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018-ին այդ պաշտոնի ճանապարհին թույլ տված օրինախախտումներին: Ըստ էության առանց ընդունված կարգի՝ առանց Հրայր Թովմասյանի դիմումի, այս ժամանակվա ԱԺ նախագահի կողմից գոյություն չունեցող հիմնավորմամբ դադարեցվել են Թովմասյանի պատգամավորական լիազորությունները: Գոյություն չունեցող հիմնավորումներով մարդը չի կարող պատգամավորական լիազորություններից ազատվել: Իմ խորին համոզմամբ՝ նա միաժամանակ շարունակել է մնալ պատգամավոր և ՍԴ-ի անդամ, ապա նախագահ մինչև 2019-ի հունվարի 14-ը»,-ասել է Բաբաջանյանը: