կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-07 15:29
Տարածաշրջան

Ադրբեջանական հերթական սադրանքը Դավիթ Գարեջիի վանական համալիրում

Ադրբեջանական հերթական սադրանքը Դավիթ Գարեջիի վանական համալիրում

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը նոր սահմանային կետ է բացել Վրաստանի հետ սահմանին: Այն գտնվում է Վրաստանի և Ադրբեջանի միջև կռվախնձոր դարձած Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում: Բացմանը ներկա են  եղել սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևը և Աղստաֆայի շրջանի ղեկավարը:

Միջոցառման ժամանակ ընգծվել է, որ, սահմանային անվտանգությունից բացի, սահմանային կետի նպատակն «ադրբեջանական ժողովրդի պատմա-մշակութային ժառանգության» պահպանումն է. հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Նշենք, որ 1991 թ. երկու երկրների անկախացումից ի վեր 6-րդ դարին պատկանող ժայռափոր Դավիթ Գարեջիի վանական համալիրը, որն ադրբեջանցիներն անվանում են «Քեշիքչիդաղ» և նշում, որ այն աղվաններին է պատկանում, դարձել է կռվախնձոր երկու երկրների միջև, սակայն կողմերը, մասնավորապես՝ վրացիները, փորձում են առանց իրենց «բարեկամների» հետ հարաբերությունները փչացնելու հարցը խաղաղ լուծել: Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների ժամանակ (որը մինչ օրս շարունակվում է) վրացիների կողմից բազմիցս է խոսվել և առաջարկվել տարածքներ փոխանակել, քանի որ վանական համալիրը սրբություն է վրաց ազգի համար, բայց ադրբեջանիցները մերժում են այս առաջարկը: Պատճառն ակնհայտ է՝ համալիրն ունի կարևոր ռազմավարական նշանակություն ոչ միայն Հայաստանի, այլև նույնիսկ Վրաստանի դեմ օգտագործվելու համար:

Վերջին շրջանում վանական համալիրի շուրջ վեճը սրվեց այն բանի պատճառով, որ ադրբեջանցի սահմանապահները հանել էին համալիրում գտնվող սրբապատկերները՝ նշելով, որ ադրբեջանական տարածքում նման բանն անթույլատրելի է: Ադրբեջանն առիթը բաց չի թողնում այս ամենի ետևում տեսնել հայկական հետք՝ նշելով, թե հայերը ցանկանում են իրար դեմ հանել երկու բարեկամ ժողովուրդներին: