կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-21 10:59
Քաղաքական

Փաշինյանն ակնհայտորեն մոտիվացնում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի ԺՊ-ներին. «Ժամանակ»

Փաշինյանն ակնհայտորեն մոտիվացնում է ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի ԺՊ-ներին. «Ժամանակ»

«Վարչապետ Փաշինյանը, ներկայացնելով ԱԱԾ և ոստիկանության պետերի ժամանակավոր պաշտոնակատարներին, հայտարարել է, որ ժամանակավոր նշանակումները կարող են ունենալ կարգավիճակային տրամաբանական շարունակություն, եթե արձանագրվեն գոհացուցիչ արդյունքներ: Ինչպես արդեն հայտնի է, վարչապետը ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել մինչ այդ պետի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին, իսկ ոստիկանության պետի պաշտոնում է նշանակել ոստիկանապետի տեղակալ Արման Սարգսյանին:

Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն մոտիվացնում է երկու ժամանակավոր պաշտոնակատարներին, նրանց համար սահմանելով նշաձող, որին կարող են ձգտել աշխատանքի արդյունքի շնորհիվ: Իհարկե այստեղ անշուշտ պետք է նկատի ունենալ թերևս ոչ միայն զուտ ոլորտային ցուցանիշները կամ չափորոշիչները, եթե հաշվի առնենք մի էական հանգամանք: Խոսքն, իհարկե, այդ կառույցների նախկին ղեկավարների պաշտոնանկությունների կամ հրաժարականների հարցում դիտարկվող տարբեր վարկածներն ու դրանցից բխող քաղաքական համատեքստը չէ, որը հիմք է տալիս եզրակացնել, որ կարևոր չափորոշիչներ են լինելու նաև այդ տիրույթում գտնվող հանգամանքները:

Բանն այն է, որ խորհրդարանի օրակարգում է օրինագիծ, որով նախատեսվում է ոստիկանության և ԱԱԾ պետի պաշտոնները դարձնել քաղաքական: Այսինքն, այդ պաշտոնները զբաղեցնելու համար ամենևին չի լինի համակարգում աշխատած լինելու անհրաժեշտություն: Իհարկե որևէ իշխանություն հազիվ թե հասնի այդ կարևորագույն կառույցներում պատահական մարդ նշանակելու, այսպես ասած «անցորդ» նշանակելու խելագարության, սակայն այդուհանդերձ կարգավիճակի տրամաբանության փոփոխությունը բերելու է նաև ընդհանուր հարաբերությունների համակարգի որոշակի փոփոխության: Եվ այստեղ իհարկե շատ կարևոր է, թե ժամանակավոր պաշտոնակատարները հիմնական պաշտոնյայի կարգավիճակ ստանալու համար ինչպիսի արդյունք կապահովեն նաև այս համատեքստում: Թերևս ակնառու է, որ նրանց տրված է նաև այդ հնարավորությունը, քանի որ ԺՊ կարգավիճակով հարցի լուծումը նշանակում է, որ վարչապետ Փաշինյանը առնվազն որոշակի ժամանակահատված ձեռնպահ կմնա հիմնական պաշտոնյա նշանակելուց: Եվ այստեղ չի բացառվում նաև, որ նա իր ընտրությունը մեծացնելու համար, ընտրության հնարավորությունն ընդլայնելու համար ԺՊ տարբերակով ժամանակ կձգի, մինչև խորհրդարանում համապատասխան օրինագծի ընդունումը, երբ հնարավոր կլինի նաև մարդկանց նշանակել համակարգից դուրս: Այնպես որ, պետք է արձանագրել, որ ժամանակավոր պաշտոնակատարների համար բավական բարձր է լինելու նաև մրցակցությունը:

Միևնույն ժամանակ, ԺՊ տարբերակի կիրառումը Նիկոլ Փաշինյանի համար նաև ինքնավստահության դրսևորում է, մասնավորապես ԱՄՆ կատարելիք այցից առաջ, երբ նա մոտ մեկ շաբաթ բացակայելու է Հայաստանից: ԺՊ տարբերակի կիրառումով նա ցույց է տալիս, որ իր համեմատաբար տևական բացակայության պայմաններում չունի այդ կարևոր համակարգերի կառավարման, կառավարելիության և կանխատեսելիության էական մտավախություններ: Այդ հանգամանքը, ինչպես դիտարկել ենք ավելի վաղ, կարող է նշանակալի լինել ամերիկյան այցից առաջ, որովհետև այդ այցը Փաշինյանի համար կարող է նշանավորվել մի քանի առանցքային արձանագրումներում թե համահայկական, թե արտաքին քաղաքական տիրույթներում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։