կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-29 18:47
Իրավական

Մեղրու զորամասում տեղի ունեցած դեպքերն արդյունավետ կառավարման սկզբունքի խախտում էին

Մեղրու զորամասում տեղի ունեցած դեպքերն արդյունավետ կառավարման սկզբունքի խախտում էին

Մեղրիում  տեղակայված  զորամասերից  մեկի  զինծառայողների զորամասն ինքնակամ լքելն արդյունավետ կառավարման սկզբունքի խախտում էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց  ՀՀ ՊՆմարդու իրավունքների և բարեկրթության կենտրոնի պետ Ալիկ Սարգսյանը:

«Այդ հարցի վերաբերյալ քրեական գործը դեռևս շարունակվում է: Առաջին հերթին զորամասի հրամանատարության կողմից լուրջ թերացում կար, ինչի արդյունքում եղան համապատասխան «վիրահատական»  միջամտություններ»,- նշեց Սարգսյանը և հավելեց, որ դեպքի մասնակից զինծառայողները զորամասից տեղափոխվել են այլ ստորաբաժանումներ:

Նրա խոսքով՝ այդ ամենից հետևություններ արվել են, հետևությունների հիման վրա առաջարկներ են ներկայացվել:

Ալիկ Սարգսյանը դեպքերը որակեց որպես արդյունավետ կառավարման սկզբունքի խախտում, հատկապես զինվորական կանոնադրությունների շրջանակում:

«Համագործակցության շրջանակում մենք վերջերս գտնվում էինք Պաշտպանության բանակում: Այնտեղ տարբեր զորամասերի հրամանատարներից ճշտեցի այն անձանց վերաբերյալ ինֆորմացիա, ովքեր հիմա ծառայությունը շարունակում են ՊԲ զորամասերում, ասացին, որ շատ լավ են կազմակերպում ծառայությունը: Հատկապես, հետաքրքրվել եմ այդ դեպքերի, այսպես կոչված, կազմակերպչի ծառայությունով, և ասացին, որ շատ հանգիստ ծառայում է՝ առանց որևէ խնդրի և հակաօրինական գործունեության»,- ասաց Սարգսյանը:

Մեղրիում  տեղակայված  զորամասերից  մեկի  զինծառայողներն  ինքնակամ  լքել  էին զորամասը՝  բողոքելով  իրենց  ծառայակիցներից  մեկին  այլ  զորամաս  տեղափոխելու  որոշման   դեմ։   Գնդի  սպաների  խոսքով՝  մասսայական  այս  ակցիան  կազմակերպելու  մեջ կասկածվող  զինծառայողները  պարբերաբար  աչքի  են  ընկել  ոչ  կանոնադրային պահվածքով։   Զորամասում գրանցված միջադեպով երկու քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ  մասի  (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը),  իսկ  մյուսը ՀՀ  ՔՕ-ի՝  375-րդ   հոդվածի 1-ին  մասի (իշխանությունը  չարաշահելը, իշխանազանցությունը  կամ  իշխանության անգործությունը)  հատկանիշներով։