կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-25 12:31
Հասարակություն

Համազգայինի ուսանողական հավաքի մասնակիցները հայրենիքում ոչ միայն քայլում, այլև արմատ են գցում

Համազգայինի ուսանողական հավաքի մասնակիցները հայրենիքում ոչ միայն քայլում, այլև արմատ են գցում

Օրերս Երևանում մեկնարկել է Համազգային հայ կրթական և մշակութային միության 25-րդ ուսանողական հավաքը, որին մասնակցում է 30 ուսանող աշխարհի 9 երկրից: Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ հավաքին, իրենց տարիքի համեմատ, հասուն մարդիկ են մասնակցում:

«Երեխաները հաճախ հայերեն երկու բառ էլ չեն իմանում, բայց 15-20 օրվա մեջ բավական բան են սովորում: Իմ գործընկեր Վիգեն Թուֆենկյանը  շատ դիպուկ մի խոսք ասաց, թե` նրանք թաթախվում են հայության ավազանի մեջ: Երկաթը երբ տաք-տաք ծեծում են, այնուհետև մխրճում են ջրի մեջ, որ կոփվի: Այդ երեխաներն էլ նմանատիպ հատկություն ունեն: Երբ հետևում եմ արցախյան շրջագայություններին, նրանց արտահայտությունից զգում եմ, որ ուրիշ մարդ են դարձել: Կարծես հայության հոգևոր քարտեզն է գծվում այս հավաքների ընթացքում»,- ասաց նա:

Ղարաբաղցյանը նշեց, որ  երեխաներին հուզում են նաև Հայաստանում տեղի ունեցող գործընթացները: Ընդգծեց` նրանք իրենց տուն են գալիս, հետևաբար` բնական է, որ իրենց տան դրվածքը նաև պետք է իմանան:

«Այս տարի համաժողովին 34 երեխա է եկել` անցած տարվա համեմատ ավելի շատ, ու վստահ եմ, որ հաջորդ  տարի ավելի շատ մասնակիցներ ենք ունենալու: Ինձ համար այս ֆորումը ծառատունկի է նման, որովհետև երեխաներն այստեղ միայն չեն քայլում, նրանք այստեղ արմատ են գցում: Այսօրվա ծառահատման ֆոնին` կարող եմ ասել, որ հայերի ծառատունկ ենք անում»,- շեշտեց Սպարտակ Ղարաբաղցյանը: