կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-10 10:06
Հասարակություն

Ավարտվեց աշխարհասփյուռ երիտասարդների ուխտագնացությունը Արցախ

Ավարտվեց աշխարհասփյուռ երիտասարդների ուխտագնացությունը Արցախ

Հուլիսի 4-7-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ կայացավ Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի սրբազան Արցախ» համահայկական ուխտագնացությունը, որը համախմբել էր շուրջ 300 ուխտավոր:

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման մամլո դիվանից հայտնում են, որ ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի հրավերով համահայկական հավաքին տարբեր հանգրվաններին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և այլ այրեր:

Ուխտագնացությունը մեկնարկեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից` Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Երիտասարդներին ողջունեցին նաև ՀԵՀԵՄ հոգևոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Արցախի ճանապարհին ուխտավորների առաջին կանգառը Նորավանքում էր, ուր նրանք ծանոթացան վանական համալիրի պատմությանը և իրենց աղոթքները վերառաքեցին առ Աստված: Հուլիսի 5-ին աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդները հանդիպեցին Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Երիտասարդները հնարավորություն ունեցան իրենց հարցերն ուղղելու ԱՀ նախագահին, ստանալու Պարգև սրբազանի հորդորները և ևս մեկ անգամ շնորհավորելու Արցախի թեմի հաստատման 30¬-ամյակի առիթով: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, պետական այրեր: Ուխտագնացության օրերին երիտասարդներն այցելեցին նաև Ստեփանակերտի հուշահամալիր, ուր ծաղիկներ խոնարհեցին և աղոթք վերառաքեցին արցախյան ու ապրիլյան պատերազմներում զոհված հերոսամարտիկների հոգու հանգստության համար, ինչպես նաև հանդիպեցին մերօրյա հերոսների` Արցախում իրենց ծառայությունն իրականացնող զինվորների հետ:

Իվանյանի (Խոջալուի) զորամասում երիտասարդները ծանոթացան զինվորականների առօրյային, տեսան նրանց բազկի ուժն ու հերոսական ոգին: Ի գնահատում և ի երախտագիտություն հայրենյայց պաշտպանների` տեղի ունեցավ լավագույն զինվորների խրախուսական պարգևատրում: Այս տարի հավաքի գործնական մասը անցավ նոր ձևաչափով: Երիտասարդական միությունների ներկայացուցիչները ոլորտի առաջատար փորձագետների հետ քննարկեցին իրենց գաղափարներն ու նախաձեռնությունները` բաժանվելով 5 խմբերի. հոգևոր-ազգային միջոցառումներ, բիզնես-ֆորումային, սպորտային-օլիմպիական, մշակութային և սոցիալական:

Քառօրյա ուխտագնացության ընթացքում երիտասարդները ծանոթացան Արցախի հերոսական պատմության ու հայրենի սրբավայրերի հետ` այցելելով Տիգրանակերտ, Ամարասի վանք, Դադիվանք… Երիտասարդական հավաքն ավարտվեց Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում` ուխտի Սուրբ Պատարագով: 

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ - ACYOWorld-ի լուսանկարը:

Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորում/ՀԵՀԵՄ/ - ACYOWorld-ի լուսանկարը: