կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-04 19:09
Հասարակություն

Օշականի հնգաթռիչք կամրջի մոտ տեղադրված լողավազանը կապամոնտաժվի

Օշականի հնգաթռիչք կամրջի մոտ տեղադրված լողավազանը կապամոնտաժվի

Օշական համայնքի հնգաթռիչք կամրջի տարածքում տեղադրված լողավազանը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  դիմել է Արագածոտնի մարզպետին:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մամուլի քարտուղար Մարինե Ավանեսյանը:

«Սոցիալական ցանցում տարածված լուսանկարի  առչնությամբ տեղեկացնում եմ գործընկերներիս, որ ՀՀ Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում հաշվառված Կամուրջ հուշարձանի տարածքում տեղադրված լողավազանը ապամոնտաժելու համար «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դիմել է Արագածոտնի մարզպետին»,- գրել է նա:

Մարինե Ավանեսյանի գրառման մեկնաբանություններում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը ներկայացրել է նախարարության պարզաբանումը.

««Օշականի կամուրջ» պատմամշակութային հուշարձանի տարածքում ջրավազանի տեղադրման հետ կապված՝ այն ապամոնտաժելու և հուշարձանը նախկին տեսքի բերելու ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ հունիսի 26-ի N 03/14.2/11444-19 գրությամբ հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին: 
Վերջինս տեղեկացրել է, որ լողավազանը ապամոնտաժելու վերաբերյալ խնդրանքով դիմել է ՀՀ Արագածոտնի մարզպետին, ինչպես նաև այն տեղադրողներից պահանջել է սեղմ ժամկետում լողավազանը դուրս բերել կամուրջի տարածքից»,- ասված է պարզաբանման մեջ:

Խնդրին արձագանքել է նաև Արագածոտնի մարզպետարանը: Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Օշական համայնքի ղեկավարին հանձնարարվել է վերացնել ժամանակավոր լողավազանը: Լողավազանն ապամոնտաժելու համար վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 15-ը: