Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր՝ հունիսի 27-ին, խորհրդարանը գումարել է լիագումար նիստ, որի ընթացքում քննարկել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանի ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը՝ ուղեկցող օրենքների նախագծերի փաթեթով:
«Ապառաժը» տեղեկացնում է՝ երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին ներկայացրած օրենքի նախագծի քննարկումները եւս թեժ էին: Կառավարությունը մերժել է օրենքի նախագծում փոփոխություններ կատարելու երկու պատգամավորի եւ «Դաշնակցություն» խմբակցության առաջարկները: Դրան գումարած՝ Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդումներից մեկում կառավարության ներկայացուցիչները հայտնել են խորհրդարանի կողմից դեռեւս չհաստատված օրենքի կիրարկման մասին, ինչը հատկապես զայրացրել է «Դաշնակցություն» խմբակցությանը:
«Դա պարզապես չի տեղավորվում կոռեկտության սահմաններում»,- ասել է խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը:
Նախագծի շուրջ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ելույթով հանդես եկած «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանը նշել է, որ նախորդ նիստում խմբակցության արտահայտած մտահոգությունները, կապված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ընդունման հետ, չեն փարատվել:
«Ես ուզում եմ նորից կրկնել, որ պատերազմող երկրի համար նպատակահարմար չէ նման համակարգի ներդնումը: Աշխարհում կենսաթոշակների այդ համակարգին անցած երկրներից շահել են միայն տնտեսական բարձր մակարդակ եւ բարձր կենսամակարդակ ունեցող երկրները: Եվ տուժել են այն երկրները, որոնք նման են եղել մեզ, իսկ մենք, չեմ կարծում, թե դասվում ենք տնտեսական բարձր մակարդակ ունեցողների թվին: Այդ օրինագծի ընդունումը շատ ռիսկային է: Մենք չենք կարող դիմագրավել համաշխարհային եւ տարածաշրջանային ռիսկերին, եւ Աստված չանի, որ տարիներ հետո մենք կանգնենք այնպիսի աղետի առջեւ, ինչպիսին կանգնել են այդ համակարգն ընդունած մի շարք երկրներ»,- ասել է Մնացականյանը եւ հայտնել, որ «Դաշնակցություն» խմբակցությունը դարձյալ դեմ է քվեարկելու օրենքի նախագծին:
Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն անդրադարձել է պատգամավորների հնչեցրած մտահոգություններին, պարզաբանել համակարգի գումարների՝ դրսի կառավարիչների տնօրինման եւ գումարի՝ տեղի ենթակառուցվածքներում ներդրման եւ մի շարք այլ հարցերի:
Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանին ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծն ընդունվել է 19 կողմ, 8 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: