Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի ու Արցախի գրողների միության նախաձեռնությամբ այսօր՝ հունիսի 25-ին, սփյուռքահայ գրող, գիտնական, թատերագետ, հասարակական գործիչ Հրանտ Մարգարյանը հյուրընկալվել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում՝ Արցախում եւս նշելու ծննդյան 80 եւ ստեղծագործական կյանքի 65-ամյա հոբելյանները, գրում է «Ապառաժ»-ը:
26 թատերախաղերի հեղինակի եւ 50-ից ավելի դերերի խաղացող Հրանտ Մարգարյանի հոբելյաններին նվիրված գրական ցերեկույթին ներկա էին ԱՀ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԿԿ անդամ Վահրամ Բալայանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության փոխնախարար Մելանյա Բալայանը, ՀՅԴ ԿԿ անդամ Վահագն Դադայանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը, բանաստեղծ, դրամատուրգ, բանասիրական գիտությունների դոկտոր, Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, բանաստեղծ, գրականագետ, հրապարակախոս եւ բանասիրական գիտությունների դոկտոր Սոկրատ Խանյանը եւ համալսարանի ուսանողներ:
Բացման խոսքով հանդես է եկել Վարդան Հակոբյանը, որը ողջունել է ներկաներին եւ արժեւորել Հրանտ Մարգարյանի անցած ճանապարհն ու գրական, թատերական ժառանգությունը:
«Սովորաբար մենք հայրենյաց պաշտպան ենք անվանում նրանց, ովքեր սահմանն են անառիկ պահում, բայց կան նաեւ գրչի, բեմի, հայրենիի պաշտպաններ. Հրանտ Մարգարյանը պաշտպանների հենց այդ տեսակին է պատկանում: Նրա վաստակը մեծ է, եւ մեկ օրվա համար չէ: Նա լծվել է հայրենապաշտպանության գործին՝ շարունակելով արեւմտահայ լավագույն գրողների ավանդույթները: Ճշմարիտ բանաստեղծը նա է, ով նոր ճանապարհ է ստեղծում: Եվ այդ ճանապարհը որտեղ էլ ստեղծվի, պետք է ուղեկցի մայր հայրենիք: Հրանտ Մարգարյանի ստեղծած ճանապարհը նրան վերադարձնում է հայրենիք»,- ասել է Հակոբյանը եւ Հրանտ Մարգարյանին հանձնել Արցախի գրողների միության անդամակցության տոմսը:
Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանն իր խոսքում նշել է, որ Մարգարյանը մեծապես նպաստել է մշակութային եւ գրական կյանքի զարգացմանը, օժանդակել կրթական օջախներում հայեցի դաստիարակությանը:
«Կյանքի լավագույն տարիները նա նվիրել է կուսակցական գործունեությանը եւ Համազգային հայ կրթական ու մշակութային միությանը: Հրանտ Մարգարյանը հայ մշակույթը եւ հայ գրականությունը ստեղծող, պահպանող եւ սերմանող մշակներից մեկն է»,- ասել է Ավագյանը եւ նշել, որ Մարգարյանի վաստակը մեծ է ոչ միայն հայրենապաշտպանության, այլեւ հայրենիքին աջակցելու գործում:
Հ.Մարգարյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին եւ ընթերցել իր ստեղծագործություններից մի քանիսը:
«Ծննդյանս 80 եւ ստեղծագործական կյանքիս 65-ամյակներն Արցախում նշելը մեծ երջանկություն է»,- ասել է Մարգարյանը:
Միջոցառման վերջում ցուցադրվել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության պատվերով նկարահանված ֆիլմը՝ նվիրված Հրանտ Մարգարյանի ծննդյան 80 եւ մշակութային գործունեության 65- ամյակներին: